Դատախազությունը «Հայաստան» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարանին:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
«Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։
477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց հընթացս կտեղեկացվի», - ասված է դատախազության տարածած տեղեկատվության մեջ:
Սեյրան Օհանյանը մշտապես հերքել է տարիներ շարունակ հայկական մամուլում հրապարակվող տեղեկություններն իր ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին:
Ըստ «Փաստերի ստուգման հարթակի»` 2011 թ․ փետրվարին Վահագնի թաղամասում գտնվող հողատարածքը, որտեղ ներկայում կառուցված է նշված առանձնատունը, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից գնել է ոմն Զարուհի Տիգրանի Բադալյանը` վճարելով 160 մլն դրամ, ինչը այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր շուրջ 438,860 դոլար։
Հատկանշական է, որ Զարուհի Բադալյանը Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է։ Առանձնատան շինարարությունը սկվել է 2014 թվականին: Երեք հարկանի առանձնատունը, որի շինարարությունն ավարտման փուլում է, ունի 2858 քմ մակերես: