Ձերբակալվել է ընդդիմության ակցիայի հինգ մասնակից
Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։
5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասված է հայտարարությունում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։