VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շատ հնարավոր է՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում այդպես էլ գլխավոր դատախազի ընտրության հարցը չքննարկվի։ Եվ եթե առաջին քառօրյային չընտրեն գլխավոր դատախազ, ապա մյուս քառօրյան հոկտեմբերի 3-ին է, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ նստաշրջան չգումարեն։ Ընդհանուր առմամբ՝ դատախազությունում իրավիճակն սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ։ Կուտոյանի փորձն աչքի առաջ ունենալով՝ արմատական թեւը ցանկանում է, որ ապագա դատախազը ներսից լինի։ Իսկ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են։ «Հավանաբար,
Սերժ Սարգսյանն էլ դեռ չի որոշել, գոնե այդ մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, երեւի չի ցանկանում, որ դեպքերից շուտ փչացնեն իր թեկնածուին»,-ասաց մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ
Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու
Վարդեվան Գրիգորյանի` մականունը Ապարիկ եւ Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է: Այստեղ Վարդեվան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ եւ աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած տեղեկագրերից մեկում առկա տվյալներից մեկը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան ողբերգության գույժ: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը` համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 2015 թվականի արդյունքներով կազմել է 91,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին դպրոցահասակ երեխաների 99 տոկոսը հաճախել է տարրական դասարաններ: Բայց հաջորդած տարիներին դպրոց չհաճախող երեխաների թիվը գնալով աճել է եւ այժմ այն հասել է Հայաստանի համար աննախադեպ բարձր ցուցանիշի: Ընթացիկ` 2016 թվականի տվյալները կամփոփվեն գալիք տարվա այս օրերին, բայց ակնհայտ է, որ իրավիճակը էապես բարելավված չի լինի, քանի որ Հայաստանի հանրային կյանքում ներկայումս տեղի ունեցող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Հայաստանի բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է, այս անկման վերջը դեռեւս չի նշմարվում, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են ջայլամի պես գլուխները ավազի մեջ մտցրած ձեւացնել, թե շուրջբոլորը տեղի ունեցող գործընթացները չեն նկատում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ
Արեգ Կյուրեղյանի եւ քաղաքագետ
Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերևաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան:
Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3,5 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից եւ այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի: Դատավորի աշխատավարձը կազմել է 10,5 մլն դրամ, թոշակը՝ 5,6 մլն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ: Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16,8 մլն դրամ: Նրա խնոջ՝ Սիլվա Թեւոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ: Սիլվա Թեւոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ՝ աշխատավարձ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել: Սովորաբար որեւէ տարվա աղքատության ցուցանիշը հրապարակվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին: Ինչպես հայտնի է՝ վերջին երկու տարիներին պաշտոնական վիճակագիրները փորձում էին հանրությանը համոզել, որ աղքատության մակարդակը նվազել է: Սակայն 2015 թվականի բոլոր ցուցանիշները վկայում են, որ այս ընթացքում աղքատությունն ավելացել է: Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում առեւտրի շրջանառությունը 121 միլիարդ դրամով նվազել էր նախորդ` 2014 թվականի համեմատ: Այս գործընթացը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում: Այսինքն՝ վերջին ավելի քան մեկուկես տարում սպառողները էապես աղքատացել են: Ի դեպ, անցանկալի թվերը «գաղտնի» պահելը Հայաստանի պետական կառավարման համակարգում գնալով ավելի տարածված երեւույթ է դառնում: Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ը այդպես էլ չի հրապարակում, թե այս տարվա յոթ ամիսներին որքան հարկ է հավաքվել»: