Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ ոստիկանության գործողությունները համաչափ են: Այդ մասին այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը «մեր մյուս քաղաքացիների իրավունքներն պաշտպանելու համար», քանի որ թույլ չեն տալիս, որ «այդ փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիներին»։ «Պետք է հասկանանք, որ քաղաքական գործընթաց է, և ոստիկանությունն իր աշխատանքն է իրականացնում»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը, որի խոսքով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չկա:
«Այն ուժերը, որոնք 2021-ի ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, ասելիքով, ագրեսիայով ինչ-որ ալիք բարձրացնել, բայց ինձ համար ակնհայտ է, որ քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ քայլերից»,- նշեց նա` հավելելով, որ ըդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցելու առաջարկն ուժի մեջ է։
«Մշտապես վարչապետն ասել է, որ պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, բայց մտավախություն ունեմ, որ այդ օրակարգն իրենք կմերժեն, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի և իրենք ուղղակի ասելիք չեն ունենա», - հայտնել է նա։