Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը Վահան Հունանյանը։
Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ եմ Վաշինգտոն վերադառնալու և ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերությունը վերահաստատելու համար։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցելու է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Վաշինգտոնում Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։
Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։