Կենտրոնական բանկն երրորդ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը 2015 թ. փետրվարի 10-ի նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամլո ծառայությունից, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման նպատակաը գնաճի և ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացումն է, որտեղ անցած մի քանի ամիսների ընթացքում շոկային տատանումներ գրանցվեցին: Վերջին երկու ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը, նույն գործոններով պայմանավորված, արդեն երրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 2014 թ. դեկտեմբերին այն կազմում էր մոտ 6,75%:
«ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության և շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջև ձևավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում», - նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին, տեղեկացնում է ԿԲ-ն՝ հավելելով. «Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին»:
«Խորհուրդն արձանագրում է, որ 2015 թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի արժևորմանը և հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսևորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի և տնտեսական աճի տեմպերի դանդաղման:
Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսևորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձևավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչև 14.5%»:
ԿԲ-ն հավաստիացնում է, որ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5%՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում: