25.11.2024
Կբարելավվի ՀՀ-ում եւ Բելառուսում առանց թույլտվության բնակվողների հետընդունման գործընթացը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար և քաջալերել չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը

Ապրիլի 20-ին դեսպան Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։


«Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի», - ասված է հաղորդագրությունում։



Նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր Ամուլսարի հանքի շահագործման հնարավորության մասին:


«Պետք է կայացնենք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերը առավել կարևոր և ընդունելի դարձնենք Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Պետք է փորձենք կայացնել այնպիսի որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում, հաշվի առելով Հայաստանի հավասարակշռված շահերը, և պետք է փորձենք գտնել լուծումներ», - 2021 թվականի փետրվարին կառավարության նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:


Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերն ու վտանգները, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ:


2018 թվականին, երբ հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն ավարտին էր հասցնում հանքավայրի շինարարական աշխատանքները, հանքի բացման դեմ հանդես եկող շարժումը սկսեց առավել ակտիվացնել իր պայքարը: Այդ հանգամանքին նպաստեցին այն, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասեցին Գնդեվազ գյուղ տանող խմելու ջրագիծը, ընկերության բեռնատարի կողմից մահացու ավտովթար տեղի ունեցավ, հարակից բնակավայրերը սկսեցին պատվել հանքավայրից տարածվող փոշու շերտով, արձանագրվեցին շինարարության հետևանքով ջրային ռեսուրսների վրա ազդեցություն:


Հարակից համայնքների բնակիչները փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհներ, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը չկարողանա հանքավայրի շահագործումը սկսելու համար շինարարական աշխատանքներն ավարտին հասցնի։ Այժմ հանքավայրի շահագործումը դադարեցված է: