Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2021 թվականի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայ-ռուսական համալսարանի գործունեության արդիական հարցերը քննարկելու նպատակով: 2022 թվականի փետրվարին Երևանում կայացել է համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական համալսարանի արդյունավետ գործունեության ու կայուն զարգացման հնարավոր և հիմնարար պայմանները, ինչպես նաև կանոնադրական որոշ հստակեցումները: Նախարարը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ հայկական կողմը մեկնարկել է համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացը, և շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողություններն ամփոփելուց հետո նախագիծը կներկայացվի ռուսաստանյան կողմի փոխհամաձայնեցմանը:
Առաջարկվել է նաև ընդլայնել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը, որը կներառի նաև բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համատեղ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը: Նախարար Վալերի Ֆալկովը կարևորել է նախաձեռնությունը և դրան առավելագույնս աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերելով կազմակերպական օժանդակություն և տրամադրելով ուսումնամեթոդական աջակցություն՝ ըստ առարկաների: Ի պատասխան Վ. Դումանյանի նկատառմանն առ այն, որ ՀՀ դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ է ունենալ մանկավարժի որակավորում, կարևորվել է հատկապես նմանօրինակ համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի մանկավարժական մասնագիտությամբ բուհերում:
Վ. Ֆալկովը հայտնել է, որ ուրախ կլինի ձևավորել մի շարք բուհերի ռեկտորների աշխատանքային խումբ և առաջարկել է դիտարկել ռեկտորների խմբի հանդիպումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը՝ ծրագրի իրագործման քայլերը քննարկելու նպատակով: Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար:
Վալերի Ֆալկովը հավաստիացրել է, որ մայիսյան տոներից հետո ռուսաստանյան կողմը կներկայացնի ծրագրային առաջարկ: Երկու կողմերը կարևորել են համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակիցների փոխադարձ այցերի կազմակերպման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Ռուսաստանում իրականացնել մանկավարժական և առարկայական ծրագրեր ռուսերեն և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:
Անդրադարձ է կատարվել նաև ամենամյա հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացմանը: Կողմերը համաձայնել են այն կազմակերպել Հայաստանում 2022 թ. երրորդ եռամսյակում:
Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը Վալերի Ֆալկովին հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով նաև, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում: