24.11.2024
Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը կդիմի Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին եւ պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։ Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին եւ երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Բայց եթե չհաջողվի, չի բացառվում, որ հայտարարությունը լինի նրանց ուղղված կոչի ֆորմատով։ Հիշեցնենք, որ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել նաեւ Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես դեմ չէ դրան։ Մեզ ասացին, որ օրերս այս հարցի շուրջ մի քանի քննարկում է կայացել, եւ երկրորդ նախագահն էլ է ասել, որ դեմ չէ էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն։ Սակայն Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսվելուց հետո քոչարյանական եւ քոչարյանամերձ շրջանակներից ոմանք շարունակում են պնդել, որ իրենց լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, եւ միայն նա կարող է երկիրը հանել այս վիճակից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենեւին նման հայտարարություն չի արել, եւ վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը եւ ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիեւին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի եւ հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։ Եթե չհաջողվի, եւ նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության եւ Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ ե՛ւ կստորագրի խաղաղության պայմանագիրը, ե՛ւ կոչնչացնի ընդդիմությանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում 30 կետից կազմված հայտարարություն է ստորագրել՝ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ ամեն ինչ կա, իսկ ամենաուշագրավը թերեւս տարածաշրջանին վերաբերող մասն է եւ հայտարարության վերջին 2 կետերը․ «Վ. Փաշինյանը եւ Վ. Վ. Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձեւաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ երկխոսության առաջմղման եւ բազմապլանային համագործակցության համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել եւ օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն ենն ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան: Հավելենք, որ հանդիպումից հետո հինգ էջից բաղկացած հայտարարության տեքստ է տարածված, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան հարցին, եւ ընդգծվում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 22-29-ը Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ իշխանությունը դատարանի միջոցով թույլ է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ։ Քրեական գործով պայմանավորված, Գեւորգյանը չէր կարողանում բացակայել երկրից, դրա համար նրան պետք է դատարանը թույլատրեր։ Իսկ Աննա Դանիբեկյանը շուրջ տարիուկես մերժում էր նրա միջնորդությունները, անգամ ԱԺ նախագահի գրություններից հետո։ Ուշագրավ է, որ այս օրերին, երբ ընդդիմությունն իշխանության դեմ գործընթաց է սկսել, Գեւորգյանին թույլ են տալիս։ Նրա պաշտպանը դատարանում երեկ հայտարարեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել՝ պաշտպանել Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունը։ Գեւորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը, ուշագրավ է, որ այդ օրերին՝ սկսած ապրիլի 23-ից, ըստ տեղեկությունների, ընդդիմության պայքարը թեւակոխելու է վճռական փուլ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաեւ Արցախից են միացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախից Երեւան եկածներն ու Փաշինյանի հրաժարականը պահանջողները (նրանց անուններն իրենց ցանկությամբ չենք նշում) նշեցին, որ եթե հանկարծ վարչապետ Փաշինյանը հակաարցախյան ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ապա ամբողջ Արցախը մի մարդու նման ոտքի է կանգնելու: «Խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց չի հարցնում մեր՝ արցախցիներիս կարծիքը: Եթե ուզում են, թող իրենք գնան ադրբեջանցու հետ ապրեն կողք կողքի, մենք Ադրբեջանի կազմում որեւէ տեսակի կարգավիճակով ապրել չենք պատրաստվում ու պատկերացնում»,- ասաց մեր զրուցակիցը: Ոչ միայն արցախցիներին, այլ նաեւ քաղաքագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամսվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները տարանջատող խումբ պետք է ձեւավորվի: Սահմանների հստակեցումն ու ՀՀ սահմանների ճանաչումը, ըստ վերլուծաբանների, Արցախի կարգավիճակի հարցը հարցականի տակ դնել է նշանակում: Հայաստանը, ստացվում է, իր սահմանները գծում ու մի կողմ է քաշվում՝ վտանգելով Արցախի հետագան: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան մինչ օրս իր սահմանները հարեւանների հետ չի հստակեցրել, ինչը վկայումն է այն բանի, որ նրա տարածքային նկրտումները չեն ավարտվել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծրագիրը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար ԲԴԽ-ին դիմում ներկայացնելու վերջնաժամկետին դիմումներ են ներկայացրել իշխանությունների ֆավորիտների թոփ եռյակում գտնվող, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, Լիաննա Հակոբյանը եւ իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Բացի նրանցից, դիմումներ են ներկայացրել նաեւ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը եւ Վարչական դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանն ու Արգիշտի Ղազարյանը: Մյուս հավակնորդների մի մասը, քաջատեղյակ լինելով իշխանությունների ծրագրերի մասին, դիմումներ չեն ներկայացրել, իսկ մյուս մասին հրահանգվել է դիմումներ չներկայացնել, եթե չեն ուզում խնդիրներ ունենալ: Փաստորեն, այս պահին ԲԴԽ-ն հնարավորություն ունի ձեւավորելու երկու եռյակ, ինչի պարագայում իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին, որը կարող է լինել կամ Լիաննա Հակոբյանը, կամ Արտակ Զեյնալյանը, քանի որ Քրիստինե Մկոյանը իշխանության ընտրյալ թեկնածուն է եւ իրենց հավատարիմ ներկայացուցիչը ապագա պալատում: Հակակոռուպցիոն եւ Վարչական պալատների կազմերի հետ կապված շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որին կանդրադառնանք առաջիկայում»: