Երկկողմ ձևաչափ գոյություն չունի, դա բանակցություններ չէր. Միրզոյանը հեռախոսազրույցի մասին
Իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, հեռախոսազրույցը վերաբերել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրվող կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումներին:
Արարատ Միրզոյանն ասել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ տպավորությունները մնում են ամբողջությամբ ուժի մեջ:
"Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում: Ըստ էության, այն կոնֆերանսի որոշումը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այդ որոշումը ուժի մեջ է: Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա: Բայց ես ձեռնպահ կմնայի այդպիսի ձևակերպում տալ՝ երկկողմ ձևաչափ: Երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Եղել է խոսակցություն՝ բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե՝ բովանդակային բանակցություններ",- հավելել է նա: