ՀՀ ԱԳՆ-ն նախատեց ռուս խաղաղապահներին
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
"Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները",- ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 12-ին խորհրդարանական ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները բոյկոտեցին քառօրյա նիստերն ու հայտարարեցին, որ մեկնում են Արցախ, որտեղև երկրի իրական օրակարգն է։ Սակայն երեկ նրանց մուտքը Արցախ արգելվեց ռուս խաղաղապահների կողմից։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ "տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը․
"Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ",- ասել էր Սաղաթելյանը։