Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու փաստը
Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակն են ապրիլի 7-ին քննարկել Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում՝ հանդիպելով Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:
Հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը:
Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:
Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:
Հանդիպմանը ներկա էր եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նշենք, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: