25.11.2024
ՀԱՊԿ-ը քննարկել է ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը
prev Նախորդ նորություն

Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարության ուշադրությունն են հրավիրել ԼՂ-ում էթնիկ զտումների վրա

Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 Եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ են հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։


Եվրապատգամավորները ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։


Նամակը անդրադառնում է մասնավորապես վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի սանձազերծած լարվածությանը Արցախում, ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը Փարուխ, Խրամորթում ստեղծված դժվարին իրավիճակին ինչպես նաև գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԵԽ պատգամավորները ամփոփում են նամակն ասելով, որ Եվրամիությունը չի կարոց թույլ տալ էթնիկ զտում իր հարևանությամբ։


Անդրադառնալով նամակին ՀՅԴ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտել է․ «ԵԽ պատգամավորների այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է՝ ուղղված ԵՄ գործադիր ղեկավարներին, քանի որ այն Ադրբեջանի վարած քաղաքականությանը տալիս է հստակ գնահատական՝ բնորոշելով որպես էթնիկ զտման քաղաքականություն։ Պետք է շարունակենք հետևողական լինել, որպեսզի ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերջ տալու Արցախի հայաթափման սանձարձակ կեցվածքին»։


Ստորև նամակի թարգմանությունը․


Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում


Հարգելի Եվրոպայի Խորհրդի նախագահ,
Հարգելի բարձրաստիճան ներկայացուցիչ,


Լեռնային Ղարաբաղում վերջին շաբաթների զարգացումները չափազանց մտահոգիչ են։ Մարտի 24-ին ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հայաբնակ Փարուխ գյուղը, ինչի հետևանքով տեղի բոլոր հայ բնակիչները ստիպված են եղել լքել բնակավայրը։ Ադրբեջանական սադրանքների պատճառով անհրաժեշտություն է առաջացել նաև տարհանել հարևան Խրամորթ գյուղի ողջ հայ բնակչությանը։


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), Հունաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը և հորդորել նրանց հետ քաշվել ելման դիրքեր։ Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մարտի 25-ին, խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կիրառել են հրաձգային զինատեսակներ և մարտական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar-TB2, ինչը հանգեցրել է ողբերգական զոհերի։


Անընդունելի է, որ ձմռան սաստիկ եղանակին դեպի Լեռնային Ղարաբաղ հասնող գազատարի վնասման պատճառով Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը զրկվել է գազից, ինչը առաջացրել է հումանիտար ճգնաժամ, քանի որ գազատարն անցնում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Շփման գծում գտնվող բնակավայրերի հայ բնակչությանը բարձրախոսներով և նրանց մայրենի լեզվով՝ հայերենով, սպառնալն անհանդուրժելի է: Այս բոլոր գործոնները, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ, ինչի մասին բարձրաձայնում է ԵԽ մարտի 10-ին բանաձևը, լուրջ մտահոգություններ են առաջացնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների վտանգի մասով։


Սույն նամակով մենք կոչ ենք անում Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայությանը և Եվրոպայի Խորհրդին օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ հետ քաշելու իր զինված ուժերը իրենց ելման դիրքերին և դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ էթնիկ զտումներ իր հարևանությամբ:


Հարգանքներով՝


Loucas FOURLAS – EPP


François-Xavier BELLAMY – EPP


François ALFONSI – Greens/EFA


Attila ARA-KOVÁCS – S&D


Anna-Michelle ASIMAKOPOULOU – EPP


Pernando BARRENA ARZA – The LEFT


Lars Patrick BERG – ECR


Fabio Massimo CASTALDO – NI


Lefteris CHRISTOFOROU – EPP


Emmanouil FRAGKOS – ECR


Gianna GANCIA – ID


Alexis GEORGOULIS – The LEFT


Klemen GROŠELJ – Renew


Ladislav ILČIĆ – ECR


Evin Incir – S&D


Eva KAILI – S&D


Assita KANKO – ECR


Joachim KUHS – ID


Stelios KYMPOUROPOULOS – EPP


Georgios KYRTSOS – EPP


Gilles LEBRETON – ID


Miriam LEXMANN – EPP


Nathalie LOISEAU – Renew


Costas MAVRIDES – S&D


Cláudia MONTEIRO DE AGUIAR – EPP


Janina OCHOJSKA – EPP


Demetris PAPADAKIS – S&D


Peter POLLÁK – EPP


Carles PUIGDEMONT I CASAMAJÓ – NI


Diana RIBA I GINER – Greens/EFA


Bert-Jan RUISSEN – ECR


Annie SCHREIJER-PIERIK – EPP


Jordi SOLÉ – Greens/EFA


Michaela ŠOJDROVÁ – EPP


Martin SONNEBORN – NI


Maria SPYRAKI – EPP


Ivan ŠTEFANEC – EPP


Romana TOMC – EPP


Peter Van DALEN – EPP


Loránt VINCZE – EPP


Elissavet VOZEMBERG-VRIONIDI – EPP


Charlie WEIMERS – ECR


Theodoros ZAGORAKIS – EPP