26.11.2024
Քաղաքական հասարակություն, նոր օրակարգեր, համապատասխան առաջնորդներ․ սրանք են խնդիրները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը կամաց մղվում է առաջին պլան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքի հիմնական կորիզն ապահովել էր ՀՀԿ-ն, չնայած «Հայաստան» դաշինքն էլ պակաս ջանք չէր ներդրել: Բայց Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը եւ նկատելի պասիվությունը նրան կամաց դուրս են մղում ընդդիմության առաջնորդների կազմից: Փոխարենը երկարատեւ պայքարի ունակ, աշխատասեր, հետեւողական Սերժ Սարգսյանը կամաց մղվում է առաջին պլան, եւ երեկ նրա ներկայությունը հրապարակի բազմության մեջ՝ բավականին խորհրդանշական էր: Չնայած շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է, եւ ընդդիմությունը չի հաջողելու այնքան ժամանակ, քանի դեռ ասպարեզում են նախկին նախագահները: Նրանք համոզված են, որ երկրում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ նրանք հայտարարեն քաղաքական ասպարեզից հեռանալու եւ երիտասարդներին իրենց տեղը զիջելու մասին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների»,- այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Ինչքանով է վերը նշվածը իրականությանը մոտ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Լուսինե Ավանեսյանից, ով նկատեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանի: Իսկ եթե ընդդիմադիր ուժերը ունեն հարցեր, ապա հնարավորություն ունեն պարոն նախագահին այդ հարցերը ուղղել եւ ստանալ հստակ պատասխաններ»: Իսկ թե ինչու է ԱՀ նախագահը հանդիպել ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի հետ, տիկին Ավանեսյանը նկատեց, որ նախագահը պարբերաբար տարբեր հայացքների տեր մարդկանց հետ հանդիպում է, քննարկում Արցախի հետ կապված մտահոգ հարցեր, ու սա նման հանդիպումներից մեկն էր ընդամենը: Կարճ ասած, ոչ մի հստակեցում: Այսինքն, մտավախությունները, որ այդ հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն Արայիկ Հարությունյանին իր սին գաղափարներն է քարոզել, մնում են օրակարգում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ այսօրվա հանդիպմանն ընդառաջ, վերջին օրերին Արցախի քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական խորհրդակցություններ են գնում, քննարկում են առաջիկա զարգացումները եւ իրենց անելիքները։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Փաշինյանին ստիպում է օր առաջ ստորագրել իր ներկայացրած հինգ կետի տրամաբանությամբ կազմված խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է Արցախի վերջնական կապիտուլյացիա, Արցախը դնել Ադրբեջանի կազմում։ Եթե Բրյուսելում փաստաթուղթը ստորագրվի, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, որոշել են հաջորդ իսկ վայրկյանից Արցախում քաղաքական գործընթացներ սկսել՝ Արցախը Ռուսաստանի կազմում ներգրավվելու ուղղությամբ։ «Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են։ Ինչպես հայտնի է, ապրիլի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ առաջին նախագահի հետ, որպես կանոն, նախկին ու ներկա նախագահների հանդիպումները միշտ տեղի են ունենում վճռորոշ գործընթացների նախաշեմին։ Ըստ ամենայնի՝ Արայիկ Հարությունյանը գնացել է խորհրդակցելու մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Փաշինյան-Ալիեւ վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր 5 կետեր, եւ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային եւ արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։ Դրան զուգահեռ երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն էին հանրահավաք անցկացնում՝ «Հանուն Հայաստանի ու Արցախի փրկության» խորագրով: Ներկա էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունեցան բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ՝ ասելով, թե այժմ վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ապագան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, այդ թվում՝ հին ընկերների հետ չի շփվում: Նույնիսկ այնտարբեր է նրանց նկատմամբ, ում հետ աշխատել է խորհրդարանում, իր թիմը համարել ու ամենօրյա կապի մեջ եղել»,- իր զարմանքն արտահայտեց մեր զրուցակիցը: ՔՊ-ականներից ոմանք նոյեմբերի 9-ից հետո դաժան ծեծի ենթարկված Միրզոյանին համեմատում են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որ հարաբերությունները սառեցրել ու որեւէ մեկի զանգերին չէր պատասխանում: «Որեւէ մեկս չենք հասկանում՝ ինչ է ուզում Արարատ Միրզոյանը. մտածում է այլ պաշտոնի անցնե՞լ, թե՞ հարմարվել է ԱԳՆ-ում: Անգամ ընկերական՝ «no Politics» ձեւաչափի հանդիպումներն է մերժում»,- ներկայացրեց մեր աղբյուրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանին եւ Սարգիս Խանդանյանին, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի մի քանի աշխատակցի ապրիլի 2-3-ը, այսինքն՝ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին Գորիս գործուղելու մասին: ԱԺ նախագահը կարգադրությունը ստորագրել է ապրիլի 1-ին, խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկ՝ ապրիլի 5-ին։ Բացի այդ, կարգադրության մեջ պարտադիր պայման է՝ նշել գործուղման նպատակը, այն միջոցառումը, որին մասնակցելու են պատգամավորները, մինչդեռ վերոնշյալ կարգադրության մեջ ընդամենը «աշխատանքային այցով» ձեւակերպումն է տրված։ Մենք պարզեցինք, որ պատգամավորները միայնակ չեն գնացել Գորիս, նրանց հետ եղել են Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի պառլամենտի ներկայացուցիչները՝ հայ-բրիտանական բարեկամական խմբի անդամները, որոնց այցը Սյունիք, ի դեպ, գաղտնի է պահվում՝ անգամ Սյունիքի մարզպետարանի էջում չգտանք, թեպետ, մեր տեղեկություններով, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անձամբ է դիմավորել նրանց։ Ուշագրավ է, որ Գորիս գործուղված օրենսդիրները չեն հանդիպել տեղի համայնքային ղեկավարության հետ։ Մեզ ասացին՝ այցելել են սահմանամերձ համայնքներ, դիտարկել են տարածքը։ Ասացին նաեւ, որ Գորիսի հյուրանոցներից մեկում հայ եւ բրիտանացի պատվիրակները հանդիպել են Արցախի պաշտոնատար անձանցից մի քանիսի հետ, թե ում՝ կփորձենք առաջիկայում պարզել։ Փորձեցինք ԱԺ նախագահի խոսնակից պարզել այցի մանրամասները, սակայն նա ասաց, որ իրեն հայտնի չէ, ուղղորդեց գործուղման մեկնած պատգամավորների կողմը, որոնք չպատասխանեցին մեր զանգերին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթացներ են եղել:Մասնավորապես, քաղաքական իշխանությունները Փիլոյանին առաջարկել են ազատման դիմում գրել, ինչը նա մերժել է, որից հետո կոնկրետ օպերատիվ տեղեկությունների եւ դիմում բողոքի հիմքով՝ իրավապահները մտել են նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել նախարարի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը նշեց, որ, բացի նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելուց, այլ բան չի կարող հայտնել: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս: Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան: Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը` Լուսին Ալեքսանյանը, նշանադրվել է։ Ինստագրամում շատ ակտիվ՝ լուսանկարներ տեղադրող ու գրառումներ անող Ալեքսանյանի կինը` Շողերինան, «սթորի» բաժնում նշանադրության արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որից հայտնի դարձավ միայն, որ փեսացուի անունն Արմեն է։ Մենք տեղեկացանք, որ Արմենը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է։ Բացի այդ, Լֆիկի խնամիների ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում»: