VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը լքել է Հայաստանը: Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն, քննելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործության գործը, ավարտել է նախաքննությունն ու գործն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Նախկին ոստիկանապետը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, սակայն հունվարի 18-ին Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության: Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լրացուցիչ քննություն է իրականացնում, եւ դեռ ավելին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետի մասով եւս մեկ քրեական գործ է քննվում, դատական համակարգը Գասպարյանին թույլ է տալիս լքել երկիրը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը լքել է երկիրը եւ գտնվում է Մոսկվայում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին՝ Վ. Գասպարյանին վերաբերող գործով դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Դատարանում միջնորդության քննարկման ընթացքում դատախազը առարկություն՝ անհամաձայնություն է հայտնել դրան: Ըստ էության՝ դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեմ են եղել այդ որոշմանը, բայց ոստիկանապետը այլեւս երկրում չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որեւէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար: Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արեւմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։ ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձեւ կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, եւ ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումը վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել: Իրավապահները նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներ անելու եւ այլնի մեջ: Փիլոյանից առաջ էլ Փաշինյանի՝ ««Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել» արտահայտությունը քմծիծաղով ընդունած, բայց նրա կողմից հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն էր նույն բախտին արժանացել, որ, ի դեպ, իշխանության դեմքը փրկելու համար Սոթքի հանքավայրի մի մասի կորուստի արդարացումը յուր ուսերին էր առել։ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն կոչումների, այնուհետ նույն ճակատագրին արժանացած անձանց շարքը երկար կարելի է շարունակել։ Փաշինյանի կողմից շնորհված կոչումներից խանդավառվողները մի պահ պետք է մտորեն ու վերհիշեն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից Գրիգորյանն առաջիններից էր, որ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց դա խոչընդոտ չէր վերջինիս իշխանության համար «տուշոնկայի» չապացուցված մեղադրանքով մինչեւ վերջ պախարակելու ու տապալելու Գրիգորյանին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել եւ «Արտաշատ» ԲԿ տեղափոխվել Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է «Գազի Հովո» մականունով։ Նա «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է։ Գնդակը դիպել է նրա պարանոցի եւ որովայնի հատվածներին, այժմ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ղազարյանի մերձավորներից մեկից տեղեկացանք, որ տուժողը վիրահատվել է, տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, կրակողը եղել է դիմակավորված, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ երեկ հայտարարեցին, որ վերջինս հեռացել է երկրից։ Թե ինչն է եղել հանցագործության շարժառիթը, ասացին՝ բիզնես շահերը։ Ինչպես հայտնի է՝ Գազի Հովոն եւ նրա որդիները Արտաշատում գազա-բենզալցակայաններ ունեն։ Քաղաքում խոսում են, որ հանցագործություն կատարած անձին հովանավորում են իշխանությունները, եւ դրանով է պայմանավորված, որ նրան չեն հայտնաբերել, ավելին՝ թույլ են տվել, որ երկրից դուրս գա։ Տարիներ առաջ Գազի Հովոյի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գերդաստանների միջեւ թշնամությանը եւ բախումներին մամուլը շատ է անդրադարձել, ինչ-որ ժամանակ Ղազարյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։ Մեր աղբյուրները հատկանշական են համարում, որ նման միջադեպ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է հայտնվում։ Ըստ լուրերի՝ նա է «նշանակել» Արտաշատի քաղաքապետին, ՔՊ ցուցակը համալրել է յուրայիններով, աջակցել Գարիկի ընտրությանը Վեդիում եւ դե ֆակտո դարձել Արտաշատում «ասողը»։ Իշխանությունների գիտությամբ է Արգամիչը վաճառել (ըստ որոշ լուրերի՝ նրանց նվիրել) Մոնումենտի դղյակը։ Եվ այս ամենում, ըստ լուրերի, նրան աջակցել է խնամու խնամին՝ Խաչատուր Սուքիասյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՏԻՄ-երը զավթելու նոր նախաձեռնություն է մշակել։ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են՝ այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ «Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի եւ բնակչության սպասարկման վրա։ Նշենք, որ այդ համայնքներից է Թալինը, որտեղ ՔՊ-ն ճնշումներով, քրեածին տարրերի հետ զավթեց համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն մեծամասնություն կազմող ընդդիմադիր ավագանին չի մասնակցում, եւ համայնքում նիստեր չեն գումարվում։ Նույն վիճակն է նաեւ Վանաձորում, որտեղ Մամիկոն Ասլանյանին են բանտում պատանդ պահում։ Նշենք, որ նախագիծն այսօր հրատապ ռեժիմով քննարկվելու է Աժ արտահերթ նիստում, և 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր սահմանային լարվածության և պատերազմի վերահաս վտանգի մասին, մյուս կողմից օրենսդիրի ձեռամբ՝ զբաղված է տեղերում իշխանությունը ամրապնդելու գործով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել անցած տարվա գործունեության մասին հաղորդումը, որը կլսվի ԱԺ առաջիկա նիստում։ Տարեկան հաղորդում է ներկայացրել նաեւ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպանը, որը պաշտոնաթողությունից հետո էլ ակտիվ է եւ ընդդիմադիր դիրքորոշում ունի, ուստի սպասվում է, որ նրա ու ԱԺ մեծամասնության հանդիպումը դիտարժան է լինելու։ Դատախազության հաղորդումը ծավալուն է՝ 313 էջից։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ 2021-ին հանցագործությունների թիվն աճել է մոտ 15 տոկոսով՝ 3 հազար 800 դեպքով։ Նաեւ՝ 44-օրյա պատերազմին առնչվող 2 հազար գործ է քննվում, այդ թվում՝ «բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ ԶՈՒ մարտունակության վրա բացասական հետեւանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները»։ Նշվում է, որ այս գործերն աննախադեպ ծավալի են, միայն Շուշիի ռմբակոծության գործով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ ԱԽ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար։ Այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։ Նշենք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերին, եւ սա Արթուր Դավթյանի, կարելի է ասել, «կարապի երգն» է լինելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար ամսին պանրի արտադրության ծավալները նվազել են 4.3, թթվասերինը՝ 10.7, մածունինը` 7.1, իսկ կաթնաշոռինը` 9.4 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 21.5 տոկոսով պակասել են: Մասնագետների խոսքերով՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն կաթնատվության կրճատման, այլեւ անասնագլխաքանակի նվազման հետ: Բացի այս, նկատենք, որ Հայաստանը ներկրում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ չի բացառվում, որ առաջիկայում կաթի փոշու ներկրման ծավալները զգալի պակասեն, եւ, դրան զուգահեռ, կաթնամթերքը կթանկանա»: