25.11.2024
Հոսպիտալացվածների 86%-ը պատվաստված չէ. ԱՆ
prev Նախորդ նորություն

Խաղաղության պայմանագրի պարամետրերը նախատեսվում էր հստակեցնել դեռ 2021թ. դեկտեմբերին. ԱԳՆ

Նախատեսվում էր հաշտության պայմանագրի պարամետրերը հստակեցնել դեկտեմբերին Ստոկհոլմում կայացած հանդիպմանը, որին Բաքուն վերջին պահին հրաժարվեց մասնակցել։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ներկայացնելով կառավարության 2021 թվականի հնգամյա ծրագրի կատարման ու արդյունքների հաշվետվությունը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Նրա խոսքով, տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարական նպատակի շրջանակներում կառավարությունը ձգտել է ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը։ Այս հարցում հայկական կողմն առաջնահերթ է համարել Արցախի ժողովրդի լիարժեք իրավունքների ապահովումը և Արցախի կարգավիճակի որոշումը։ «Այս տեսանկյունից մեզ հաջողվեց որոշակի արդյունքներ ապահովել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկու հանդիպում»,- ասաց Միրզոյանը։


Նախարարը նշեց, որ համանախագահների առաջարկով հետագա հանդիպումները պետք է անցկացվեին փուլ առ փուլ, առաջին հերթին հումանիտար խնդիրների լուծման տրամաբանությամբ։ Հայկական կողմի պնդմամբ դրույթ է ներառվել այն մասին, որ Արցախի հիմնախնդրի համապարփակ լուծումը դեռ օրակարգում է։


Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երրորդ հանդիպումը, սակայն վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել։ «Ցանկանում եմ նշել, որ մինչ հանդիպումը կողմերին տրվել են հանդիպման օրակարգի վերաբերյալ համանախագահների առաջարկները, որոնք ներառում էին նաև համապարփակ խաղաղության պայմանագրի պարամետրերի հստակեցում»,- ասաց Միրզոյանը։ Նախարարը նշեց, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովի մասնակիցները հիմնականում այն ​​կարծիքին էին, որ արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։