Փաշինյանը շնորհավորել է նոր Պաշտպանին և խոսել «աննախադեպ» երևույթի մասին
Կառավարության մարտի 3-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին լիազորությունները ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքի ընթացքում:
Փաշինյանի խոսքով, կառավարությունն ակնկալում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա: «Դա կօգնի նաեւ Հայաստանի պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նկատեց, որ ՄԻՊ մանդատի իրականացման համար կարևորում է իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության հետ համագործակցությունը:
Նրա խոսքով, այդ համագործակցությունը «պետք է ծառայեցնել մեր երկրում իրականում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ իրավիճակ ստեղծելուն»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչեւ իր ժամկետի ավարտի վերջին օրը: Այդ հանգամանքը նա աննախադեպ անվանեց` նկատելով. «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, եւ բոլորն էլ մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել»: