Հուսանք, ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան․ Փաշինյան
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները:
Այդ մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Հայաստանի վարչապետը: Հաղորդում է «Արմենպրես»-ը։