ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, սկսել է քննարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից "Շուշիի հռչակագրի" վավերացման կապակցությամբ "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.
"Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի վավերացման կապակցությամբ:
Հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ "մեկ ազգ, երկու պետություն" հայեցակարգի շրջանակներում։
Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ուղղված երրորդ կողմի դեմ, այնուամենայնիվ, դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի դեմ։ Դրանում ամրագրված են երկու պետությունների ռազմավարական նպատակները, որոնք 44-օրյա ագրեսիա են իրականացրել Արցախի նկատմամբ, ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, եւ ցեղասպանություն վերապրած եւ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի իրավունքների:
Հռչակագրում օգտագործվող "Զանգեզուրի միջանցքի" մասին ձևակերպումները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հրապարակային պայմանավորվածություններ են ձեռք բերում համատեղ էքսպանսիոնիստական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, խեղաթյուրելով հարցի բովանդակությունը և այն տեղափոխելով պատմական ուսումնասիրության դաշտ, արժանի է դատապարտման։
Շուշիի հռչակագիրը հիմնվում է ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրության կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքի, այլ "ռասայական անվտանգության" մոտեցման վրա։ Դա հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն 1969 թվականի միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առ ոչինչ են և չեն կարող ունենալ միջազգային ոչ մի լեգիտիմություն։
ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է.
“Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բովանդակությամբ, անընդունելի է Հայաստանի համար։ Այն տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության լուրջ մարտահրավեր է, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է "առանց նախապայմանների" սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ լուրջ կասկածներ է առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի եւ մտադրությունների վերաբերյալ":