25.11.2024
Հայ-թուրքականի հետևանքը՝ պետականազրկում, արտագաղթ, Արցախի անվերադարձ կորուստ. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացում ՀՀ-ն փորձում է պահել բալանսը ՌԴ և Արևմուտքի միջև

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել առ այն, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։

Արևելագետ Արմեն Պետրոսյանը Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցող առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օբյեկտիվ գործընթացի համատեքստում վերոնշյալ հայտարարության հետ կապված կարևորում է 2 հիմնական բաղադրիչ։

"Նախ և առաջ, ողջունելի է գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առաջանցիկ գործելաոճը, քանի որ ցայժմ թեմատիկ առանձին տեղեկություններ հայտնի են դարձել հիմնականում ԹՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, որը չի բացառվում նաև՝ Անկարայի կողմից հատուկ ուղեգիծ է՝ ներհայաստանյան գործընթացների վրա ազդելու, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության խորացմանը նպաստելու տեսանկյունից։

Մյուս կարևոր հանգամանքը, մեծ հավանականությամբ, Երևանի պնդումն է՝ հաջորդ հանդիպումը Վիեննայում անցկացնելու վերաբերյալ։ Այս իրողությունը կարևոր է այն առումով, որ ի հեճուկս Անկարայի բազմակի պնդումների՝ առանց որևէ միջնորդի ներգրավման, երկխոսությունը բացառապես Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու ձգտման, հայկական կողմից փորձ է արվում պահպանել այս գործընթացի հանդեպ մշտապես հետաքրքրություն դրսևորած երկու հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի միջև հավասարակշռությունը։ Քանի որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում։