Թշնամու բակում խաղալու փոխարեն Իրանի հետ դառնալ ռազմավարական դաշնակիցներ. թուրքագետ
Հայաստանում արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող տարատեսական մարգինալ խմբակները Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերի հիմնապատճառ ներկայացնում են տնտեսական զարգացման հնարավորությունը Անկարայի հետ, որն, ըստ իրենց, «կբերի տնտեսական բարօրության»։ Այս արձանագրումն արել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Մինչդեռ քարտեզին ու տարածաշրջանին տիրապետողը լավ գիտի, որ Հայաստանն ունի Թուրքիայի կշիռն ունեցող մեկ այլ հարևան՝ Իրանը, որը ոչ մի բանով չի զիջում Թուրքիային, ավելին՝ բարիդրացիական տրամադրվածություն ունի դեպի մեզ։
Շուրջ 85 միլիոնանոց շուկա, զարգացած կոմունիկացիաներ, մեկ երկրի տարածքով ելք դեպի Պարսից ծոց (արաբական խոշորագույն առևտրատնտեսական կենտրոններ), այնտեղից էլ ուղիղ ելք դեպի Հնդկական օվկիանոս, որը հասանելի է դարձնում համաշխարհային առևտրական ճանապարհները։ Ի՞նչն է խանգարում, որ մեր բոլոր ջանքերն ուղղենք Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի բարձրացնելու համար, այդ թվում տնտեսական ուղղությամբ։ Մեզ պետք է միայն կառուցել Իրանի հետ ամենաարագ ու անվտանգ ճանապարհն ու համապատասխան քաղաքական կամք ցուցաբերել։ Իրանը, Մերձավոր Արևելքի անքակտելի մասը, մեր դարպասն է դեպի մեր բնական միջավայրը, որտեղ Հայաստանն ունի և կարող է ունենալ առավելություններ։
Պատկերավոր ասած՝ փոխանակ խաղալու սեփական բակում, մենք այս պահին նախընտրում ենք հարևան թշնամական բակը",- գրել է Գեղամյանը։