Ի տարբերություն ՀՀ-ի և Ղրղզստանի՝ ԵԱՏՄ երկրները վերականգնել են տնտեսական կորուստները
Ի տարբերություն Հայաստանի և Ղրղզստանի՝ մյուս ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն վերականգնել են տնտեսական կորուստները և առաջ անցել: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
"Երեկ կառավարության նիստի ժամանակ ուղղակի զավեշտալի էր լսել ինքնագոհ գնահատականները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ։ Փորձ էր արվում ցույց տալ, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը տնտեսական «աննախադեպ» ցուցանիշ է արձանագրել։ Սակայն իրականում գործ ունենք ցածր բազային էֆեկտի հետ, այսինքն՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը այնքան մեծ էր, որի ֆոնի համեմատ 2021 թվականի ցուցանիշը բարձր է երևում։
Մասնավորապես՝ 2020 թվականին Ռուսաստանի տնտեսական անկումը կազմում էր -3 տոկոս, իսկ 2021 թվականին տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով, Բելառուսինը՝ -0,9 տոկոս (2021թ․՝ +2,3 տոկոս), Ղազախստանինը՝ -2,5 տոկոս (2021թ․՝ +3,5 տոկոս), Ղրղզստանինը՝ -8,6 տոկոս (2021թ․՝ +3,6 տոկոս), Հայաստանինը՝ -7,4 տոկոս (2021թ․՝ +5,8 տոկոս)։
Հետևաբար, 2020 թվականի ճգնաժամից հետո ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը կարողացել է գերազանցել միայն Ղրղզստանին, 2021 թվականի ցուցանիշներով Հայաստանն և Ղրղզստանը նույնիսկ չեն կարողացել հասնել 2019 թվականի մակարդակին, իսկ մյուս ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն վերականգնել են տնտեսական կորուստները և առաջ անցել։
Դադարե՛ք ինքնախաբեությամբ զբաղվել․․․․",- գրել է Պարսյանը: