Հայաստանում ցածր վարձատրվող աշխատողների թիվը նվազել է 9 տոկոսով. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 3-ի նիստում հայտնել է Հայաստանում ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշռի մոտ 9 տոկոսով նվազման մասին: Դա, նրա խոսքով, տեղի է ունեցել կորոնավիրուսային համավարակի և պատերազմական ցնցումների պայմաններում:
Փաշինյանը ներկայացրեց իր հայտարարության ճշմարտացիությունն ապացուցող վիճակագրական թվյալներ: «2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավել է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: 2021 թվականի ընթացքում ՀՀ-ում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ , ինչը 2020 թվականի համեմատ ավել է 19,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավել է 38.7 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, 2018 թվականի համեմատ ցածր վարձատրվող աշխատողների թիվը նվազել է 9 տոկոսով: «Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է: Ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս»,- նկատեց Փաշինյանը: