24.11.2024
«Սասնա ծռեր» խմբավորման երկու անդամները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Երևանյան հանրահավաքների առաջնորդները հայտնվել են փակուղում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է: Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին` Արթուր Սարգսյանը: Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը: Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը: Իսկ ինչ վերաբերում է Գորիս եւ Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, եւ այժմ դրանց բնակիչները եւս պետք է Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետեր ընտրեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի ավագանու անդամների թեկնածուների իր ցուցակով: Այն գլխավորելու է «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը: «Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից փորձեց պարզել՝ ինքը իր կուսակցի՞ն է սատարելու, թե՞ ՀՀԿ-ին: Սկզբում մարզպետը հայտարարեց, որ ինքը որպես մարզպետ իրավունք չունի սատարել որեւէ թեկնածուի: Այնուհետեւ մտափոխվեց եւ ասաց. «Բայց ցանկացած կուսակցական անձ իր կուսակցությանը պետք է սատարի իր կեցվածքով, ճիշտ աշխատանքով, որպեսզի հասարակությունը, մեր ընտրողները հաշվի առնեն, որ տվյալ պաշտոնյան այս կամ այն կուսակցությունից լավն է, ճիշտ է աշխատում եւ դրանով ավելացնի քվեն: Սատարելու այլ տարբերակ չի լինի: Դաշնակցական թեկնածուին սատարում եմ այնքանով, որ, որպես դաշնակցական մարզպետ, իմ աշխատանքով կարողանամ ձայներ բերել այդ կուսակցությանը: Իսկ պետական լծակները բոլորի համար հավասար է աշխատելու»»:

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանյան վերջին իրադարձությունների հետ կապված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որտեղ նա երկու տողով թքել-մրել էր քաղտեխնոլոգներին, քաղաքական գործիչներին եւ նախկին բարձրաստիճան դիվանագետներին, որոնք մասնակցել էին Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովին, պարզվեց, որ ոք այնքան էֆեկտիվ էր, ավելին՝ անարդյունավետ եղավ հենց իր համար: Սլաքներն ուղղվեցին ընդդեմ նրա, եւ ՀԱԿԿ կաղնուն չխնայեց նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ին նրան անվերապահորեն հավատացող ԱԺ պատգամավոր, այսօր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը: Թվում էր, թե ասվածին առաջին հակադարձողները կլինեն հենց ՀԱԿԿ նվիրյալները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: Բայց, արի ու տես, որ նրանք այս անգամ չպաշտպանեցին իրենց առաջնորդին: Եթե Ա. Մանուկյանը դա պատճառաբանեց իր առողջական խնդիրներով, ապա լրիվ անհասկանալի է Լ. Զուրաբյանի պահվածքը, որ ամսի 23-ին Հայաստանում կլինի, սակայն 4-րդ օրն է, ընդհատակ է անցել: Ի դեպ, ՀԱԿԿ հետին շարքերում էլ չեն պատրաստվում անցնել Լ. Տեր-Պետրոսյանին ոչ քաղտեխնոլոգներից, ոչ Նիկոլից պաշտպանելու գործին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրացավ 10 օրը, ինչ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավված է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից: Անցած օրերին բազում իրադարձություններ են եղել, տրամադրությունները գնալով ավելի էմոցիոնալ են դառնում: Եւ հուլիսի լույս 26-ի գիշերը կրկին կրակոցներ հնչեցին գնդի տարածքում, սակայն այս անգամ դրանք ոչ միայն օդ, այլ նաեւ ուղղված էին ՊՊԾ գնդից դուրս եկած եւ ինքնագլուխ դեպի ոստիկանության պատնեշը շարժվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, ոտքերից վիրավորվեցին: Հետագայում նրանց տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն օրվա վերջում նրանց մեղադրանք առաջադրվեց, եւ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանավորումը: Իսկ ՊՊԾ գնդի հարեւանությամբ՝ Խորենացի փողոցում, ամեն երեկո կազմակերպվող մարդաշատ բողոքի ակցիաները շարունակվում են: Դատելով դրանց ընթացքում հնչող ելույթներից՝ կազմակերպիչները չգիտեն հետագա գործընթացները ինչպես տանել. ելույթներն իրար հակասում են, անելիքների մասին պատկերացումները` բացակայում: Մեկն ասում է, թե գրոհելու է, մյուսը տուն է ուղարկում մարդկանց` արժանանալով քաղաքացիների քննադատությանը: Իսկ ելույթները իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված լուտանքներ են ու վերջ: Իրենց բովանդակությամբ էլ հիշեցնում են ընդդիմության՝ 2003 թվականից ի վեր կազմակերպվող հանրահավաքները: Սակայն ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում. ինչպես է հնարավոր ստեղծված իրավիճակը հանգուցալուծել եւ հասնել իշխանափոխության, եթե հանկարծ Ս. Սարգսյանը հրաժարական չտա:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարթակում գտնվողներից շատերի մոտ տեսակետ կա, թե ամեն կերպ պետք է ճեղքել Խորենացի փողոցում առկա ոստիկանական պատնեշը, մտնել ՊՊԾ գնդի տարածք՝ «Սասնա ծռեր» խմբավորման մոտ, եւ միասին դուրս գալ փողոց` այդպիսով Սերժ Սարգսյանին ուժով ստիպելով հրաժարական տալ: Իշխանություններն էլ, բնականաբար, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագիրը: Թերեւս դա է պատճառը, որ հիմա իրավիճակը երկկողմանի փակուղային է: Հ. Գ. Երեկ՝ կեսգիշերն անց՝ ժամը 2:00-ի սահմաններում, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը»:

«ՀԺ»-ի հարցերին է պատասխանել փաստաբան Երվանդ Վարոսյանը։ – Պարոն Վարոսյան, նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որում նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները կամովին հանձնվելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, եթե իրենց գործողություններում այլ հանցակազմ չլինի։ Մեր օրենսդրությունը նման կարգ նախատեսո՞ւմ է, թե՞ ոչ, եւ արդյոք հանձնվելու դեպքում ԱԱԾ-ն այն կկիրառի՞։ – Եթե խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի այդ երեք հոդվածների մասին, ապա այո՛, այդ հոդվածներում պարունակվում են խրախուսական նորմեր, որոնք նման բան նախատեսում են։ Ինչ վերաբերում է ԱԱԾ կոնկրետ այդ դիմումին, ապա դա ավելի շատ քրեական օրենսգրքի վերաբերյալ իրազեկման թերթիկ էր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարուժան Ավետիսյանը կա այդ խմբի կազմում, ապա նրանց կարիք չկար այդ մասին հայտնելու, որովհետեւ իրենք այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում են։ Միաժամանակ, ես ԱԱԾ հայտարարության տեքստում չտեսա որեւէ կոնկրետություն, այսինքն՝ չի հասկացվում, թե ԱԱԾ-ն ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ հետեւանքներ է դա ունենալու։ Տեղեկացնում էր, որ հոդվածներում նման բան կա նախատեսված, կոչ ենք անում հանձնել զենքը եւ հանձնվել, բայց ինչ կլինի դրանից հետո՝ այդ կոչում չկա, ի՞նչ է լինելու, ո՞վ կարող է երաշխավորել, թե ինչպիսին կարող են լինել մեղադրանքները, ինչպիսին կարող են լինել այդ անձանց ճակատագրերը։ – Իսկ ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ ԱԱԾ-ն կկիրառի՞ այս նորմերը, թե՞ ոչ։ – Որեւէ մեկը երաշխիք ունի՞, որ հնարավոր ենթադրյալ մեղադրանքները կսահմանափակվեն այդ երկու հոդվածներով։ Եթե ԱԱԾ-ն ուզում էր դա ներկայացնել որպես երաշխիք, ապա պետք է հստակ գրեր, որովհետեւ անհասկանալի է՝ ինչի է այդ դեպքում տեղեկացնում քրեական օրենքում առկա այս կամ այն կարգավորման մասին, սակայն հստակ չի ասում, թե ինչ է լինելու։ Խնդիրը հետեւյալն է՝ եթե սա դառնա այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում, արդյոք մեղադրանքի կողմը սահմանափակվելո՞ւ է միայն, այդ հոդվածներով, եթե սահմանափակվի միայն այդ հոդվածներով, կարող է կիրառվել, եթե ոչ, ապա՝ ոչ։ Բայց ո՞վ է երաշխիք տվողը, թե մեղադրանքի կողմը վաղը ինչ գործողությունների է դիմելու, ինչ մեղադրանքի ծավալ է լինելու, բացի պետությունից ոչ ոք դա այսօր չի կարող երաշխավորել, կարող է լինել ջենթլմենական համաձայնություն, բայց ԱԱԾ-ի կոնկրետ այդ տեքստում որեւէ հստակություն չկա։