24.11.2024
Ոստիկանությունը հորդորում է հավաքը Խորենացի փողոցից տեղափոխել մեկ այլ վայր
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռեր» խմբավորման երկու անդամները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Անցած գիշեր փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կեսգիշերից հետո ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգության, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև մեկ ոստիկան։ Մանուկյանները գիշերը վիրահատվել են, նրանց վիճակը գնահատում է ծանր, իսկ ոստիկանը հիվանդասենյակում է: Աշոտ Պետրոսյանը ստացել է զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային վիրավորում և աջ ազդոսկրի կոտրվածք, Հովհաննես Հարությունյանը՝ աջ ազդոսկրի կույր գնդակային և աջ սրունքի միջանցիկ գնդակային վիրավորում՝ սրունքի ոսկրերի կոտրվածքով: