ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին հրավիրած արտահերթ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման հարցը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Մանուկյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Մանվել Բադալյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Մանվել Բադալյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել է Քաղաքացիական ծառայության խորհուրդը, 2019 թվականից առայսօր «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Մանվել Բադալյանը նաեւ դասախոսում է Պետական կառավարման ակադեմիայում:
Մանվել Բադալյանը նշել է, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում, անդրադարձել է ոլորտային այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Հանձնաժողովի անդամներից ոմանք միանշանակ չեն ընդունել Մանվել Բադալյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու հանգամանքը: Հանձնաժողովը դեմ է քվեարկել Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար հանձնաժողովն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ քննարկել է Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածության հարցը: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է թեկնածուի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը՝ նշելով, որ նա մասնագիտությամբ բանասեր է, թարգմանիչ, բանաստեղծ, զբաղվել է ուսուցչությամբ, եղել է գրական աշխատող, խմբագիր, ՀՀ մշակույթի նախարար: Հակոբ Հակոբյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը:
Երրորդ թեկնածուի՝ Արթուր Մանուկյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի եւ կինոյի արտիստ, երգարվեստի բնագավառում հեղինակել է ուսումնական ձեռնարկներ, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում աշխատելու համար թեկնածուն բավարար է համարել ոլորտում աշխատանքի իր փորձը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արթուր Մանուկյանի թեկնածությանը: