25.11.2024
Այս փուլում դելիմիտացիայի գործընթացի սկիզբը դիվանագիտական այլասերում է. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Գյումրիում ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:


Ցուցադրությանը ներկա են գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես եկել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Մնացական Սաֆարյանը և մի շարք պետական ու հասարակական գործիչներ։


«Ալի-Բաբան և 40 ավազակները» ֆիլմից հայտնի «Խաթուբա» երգի ներքո պարային համարով հանդես եկավ Հայաստանում Հնդկական Մշակույթի կենտրոնի «Շակտի» երգի և պարի խումբը:


Միջոցառման մասնակիցները ծաղիկեր են խոնարհել Մհեր Մկրտչյանի արձանին և հյուրընկալվել Մհեր Մկրտչյան թանգարանում։


Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատ»-ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով: Վավերագրական ֆիլմում հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին:


Ֆիլմը հանդիսատեսին հնարավորություն տալիս արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Ֆիլմում ներկայացված են այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել, յուրահատուկ կադրեր նկարահանման հրապարակից, ինչպես նաև «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սոհնի Մահիվալ» (Սիրո լեգենդ) հնդկական երկու ֆիլմերի լավագույն դրվագները՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ և բացառիկ հարցազրույցներ հայկական, հնդկական և վրացական կինոյի հայտնի լեգենդների հետ, որոնք պատմում են հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել Հնդկաստանում` Ֆրունզիկի այնտեղ գտնվելու ժամանակ։


Ֆիլմում օգտագործվել են նաև Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից ստացված եզակի տեսաերիզներ, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում են նրա խաղընկերները։ Ֆիլմն ուղեկցվում է հայկական երաժշտության կենդանի լեգենդ, մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անզուգական ստեղծագործությամբ։ Ֆիլմի սցենարիստն է Շուշանիկ Սահակյանը, ռեժիսորը` Օթար Միքելաձեն։


Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռքբերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակներին: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:


«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, շուրջ 10 տարի գործելով հայ-հնդկական
հարաբերությունների խաչմերուկում, մշտապես կարևորել է երկու երկրների բարձր մակարդակով ներկայացումը ամենատարբեր հարթակներում և ամենատարբեր ոլորտներում: Կազմակերպության գործունեությունն ուղղված է երկու երկրների միջև մշակութային, կրթական, գիտական,  առևտրային և այլ ոլորտների կապերի զարգացմանը, ինչպես նաև հայերի և հնդիկների միջև եղած քաղաքակրթական և մշակութային կապերի ամրապնդմանը:

Կազմակերպության հիմնադրումից ի վեր մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել,
որոնց մեծ մասն իրականացվել է երկու երկրների պետական (նախարարություն, դեսպանատուն)
աջակցությամբ: