Թուրքիայի հետ օրակարգ չկա՝ պետք է նստել սեղանի շուրջ, հասկանալ կողմերի դիրքորոշումները, հասկանալ՝ ինչպես կարգավորել հարաբերությունները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
"Մենք դեռ չենք նստել սեղանի շուրջ, որ հասկանանք՝ Թուրքիան ինչ նկատի ունի, Հայաստանը՝ ինչ: Ամեն մեկս անվտանգության մեր մարմիններում փորձում ենք վերլուծել այդ ամենը"։
Նրա խոսքով, այս պահին տեսանելի են հնարավորություններ, օրինակ, Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր բացումը.
«Այն Հայաստանի եւ Թուրքիայի համար մեծ հնարավորութուններ է ստեղծում, տնտեսական փոխկախվածություն»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին՝ ինչու հենց Ռուբեն Ռուբինյանը որոշվեց ՀՀ ներկայացուցիչ նշանակվել Թուրքիայի հետ բանակցություններում, ԱԽ քարտուղարն ասաց, որ վերջինս մասնագիտացում ունի այդ ոլորտում, իսկ բացի այդ՝ վարչապետի և թիմի հետ նրա ունեցած կապն արդյունավետ բանակցող է նրան դարձնում։
Իսկ ավելի ճիշտ չէր լինի՞ ավելի բանիմաց դիանագետի նշանակումը հարցին արձագանքեց. «Ժամանակակից դիվանագիտությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, և պետք չէ ժամանակակից գործընթացների մասին հին կաղապարներով մտածել»։
Անդրադառնալով տարածաշրջանային «3+3» ձևաչափին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը գերադասում է հայ-թուրքական հարաբերությունները քննարկել երկկողմ ձևաչափում, բայց եթե առիթ լինի «3+3»-ում խոսելու, ապա այդ առիթը ևս կօգտագործեն՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար։
"Հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու, հետո՝ Բաքվում: Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ Երևանում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու",- ասել է նա։