VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին թեեւ միացել էր ավագանու 65 անդամից 43-ը, սակայն Մարությանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բավականին հանգիստ է եւ կարծում է, որ փակ քվեարկության արդյունքում մեծ մասը կողմ չի քվեարկի, եւ կտապալվի Փաշինյանի նախաձեռնությունը։ Նա կարծում է, որ շատերը Փաշինյանից վախենալով են ստորագրել, եւ եթե անգամ ոմանք դեմ են իր մնալուն, առավել դեմ են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուն։ Այժմ Մարությանը բանակցում է ավագանու անդամների հետ, որ գաղտնի քվեարկության ժամանակ չենթարկվեն Փաշինյանի կամքին։ Մանավանդ որ, եթե տապալվի իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա ավագանին, ըստ օրենքի, մեկ տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից։ Սակայն ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, եւ ներկայացնել որպես հավատարմության ապացույց։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս 6 ամիս առաջ Փաշինյանը, Հայկ Մարությանին կառավարական առանձնատանն ընդունելով, ասել է, որ մինչեւ դեկտեմբեր ժամանակ է տալիս՝ «հարթելու թիմի հետ խզած հարաբերությունները, վերականգնելու անդամությունը ՔՊ-ին, հրապարակային աջակցություն հայտնելու իշխանությանը եւ այլն»։ Բայց Մարությանն անգամ հունիսի 20-ից հետո չի ենթարկվել։ Հիմա Փաշինյանի համբերությունը սպառվել է․ նա նախ հոդված հրապարակեց Մարությանի դեմ, ապա հրահանգեց գործընթաց սկսել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։ Բայց այս շահերի համընկնումը միանգամայն հասկանալի է, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն է նման քաղաքական որոշում կայացրել՝ միանալ Մարությանին գահընկեց անելու գործընթացին, չնայած ԲՀԿ խմբակցությունում ոմանք դեմ են դրան։ Իսկ Ծառուկյանի որոշման պատճառը շատ պարզ է՝ Կարգին Հայկոն, իր քաղաքապետ դարձած օրվանից, Ծառուկյանի, նրա նախաձեռնությունների դեմ քայլեր է անում։ Մասնավորապես՝ շինթույլտվություններ չի տրամադրում եւ ամեն ինչ արեց «Կինոմոսկվայի» մոտ կառուցվող հյուրանոցի շինարարությունը կասեցնելու համար։ Խանգարեց արաբական շեյխերի ծրագրերի իրականացմանը, հեռախոսով խոսելու ու ջինս հագած լինելու պատրվակով տապալեց բանակցությունները, եւ Երեւանում նրանք ներդրումներ չարեցին ու հրաժարվեցին մեծ հիվանդանոց կառուցելու մտքից։ Բայց նաեւ չի բացառվում, որ Մարությանին անվստահություն հայտնելու փակ-գաղտնի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ականները չքվեարկեն Հայկոյի դեմ ու տապալեն իշխանությունների նախաձեռնությունը։ Հատկապես, որ «Իմ քայլում» էլ կա նման տրամադրվածություն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեեւ Երեւանի համայնքապետի ընտրություներին դեռ տարիուկես ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են քաղաքապետի թեկնածուների անուններ շրջանառել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ: Քաղաքապետի ընտրության մասին խոսակցություններն ակտիվացել են նաեւ Հայկ Մարությանի նկատմամբ իշխանության կողմից սկսված անվստահության գործընթացից հետո: Թե ով կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ապագա ընտրությունների ժամանակ, հստակ չէ։ Անհայտ է նաեւ, թե հետագայի համար ինչ ծրագրեր ունի Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս պաշտոնում ի սկզբանե կուսակցության համահիմնադիր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունն է դիտարկվել, բայց Ռուբեն Վարդանյանը, ում անունը կապվում է վերանոշյալ կուսակցության հետ, հավանություն է տվել նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի թեկնածությանը: «Որպես կին հասարակական գործիչ, Արցախում որոշ ժամանակ աշխատած պաշտոնյա, ապագայում, ինչու ոչ, որպես Երեւանի կին քաղաքապետ, Վարդանյանն ավելի նպատակահարմար է գտնում այդ աթոտին Թանդիլյանին տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի կամ Մանե Թանդիլյանի հետ, նրանք սակայն մեր թե՛ հեռախոսազանգերն անպատասխան թողեցին, թե՛ հաղորդագրությունները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նրանք լրատվամիջոցների հետ պարզապես չեն շփվում: Բայց եթե մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, ապա կարող են գոնե կուսակցության մամուլի քարտուղար նշանակել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, երեկ անցնելով լրագրողների համար նախատեսված փոքրիկ ֆոյեով, ետ է դարձել՝ լուսանկարել նստած օպերատորներին, ապա հրահանգել է ԱԺ աշխատակիցներին՝ ֆոյեից հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները։ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել այդ քայլը։ Նա ասաց, որ «օպերատորները ոչ պատշաճ ձեւով են նստած եղել աթոռներին, այդ պատճառով էլ հանվել են»։ Ի՞նչ նկատի ունեք՝ ոչ պատշաճ ասելով։ Խաչատրյանն ասաց, որ չի կարող նկարագրել, հավելեց, որ օպերատորների խնդրանքով հանդիպում է կայացել ԱԺ նախագահի հետ, ներողություն են խնդրել, եւ աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը։ Մնում է, որ ԱԺ նախագահը նույնքան ուշադիր լինի ԱԺ դահլիճում նստողների նկատմամբ, որոնք փռվում են աթոռներին եւ քացի են տալիս գործընկերներին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Արագածոտն մարզում շրջանառվող լուրերի համաձայն, սեւ ամպեր են կուտակվում ՀՀԿ-ից փայլուն անցում կատարած «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մնացական Մնացականյանի գլխին: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետարանում սկսել են լուրջ ստուգումներ իրականացնել Մնացական Մնացականյանի՝ որպես քաղաքապետ, պաշտոնավարման տարիների շուրջ: «Չար լեզուները» ասում են, որ լավ փնտրողը միշտ գտնում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փարաքարում ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը» կարծես եկել են համաձայնության: Տեղեկացանք, որ ավագանի անցած ուժերը համաձայնել են, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվի համայնքապետ, իսկ ՔՊ թեկնածուն՝ տեղակալ: Դրա դիմաց իշխանությունը գործարք է առաջարկել «Ապրելու երկրին»՝ մենք ձեզ Փարաքարում դարձնենք համայնքապետ, դուք մեզ օգնեք Վանաձորում, որ Մամիկոն Ասլանյանը չընտրվի։ Իշխանությունների գերնպատակն է, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա։ Ավելի հեշտ հրաժարվեցին Արցախից, ավելի դժվար քաղաքապետի աթոռն են զիջում։ Հավանաբար, հենց սրանով է պայմանավորված Վանաձորում «Ապրելու երկրի» լռությունը: Ըստ ամենայնի, ավագանի անցած ուժերը, բացի «Հայրենիքից», կմասնակցեն Վանաձորում իշխանությունն Ասլանյանից խլելու գործընթացին: Արդյունքում՝ Փարաքարը կլինի միակ համայնքը, որտեղ «Ապրելու երկիրը» կունենա համայնքապետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետեւանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել եւ հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն։ ՏԻՄ օրենքի հոդված 73-ի համաձայն՝ եթե որեւէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի կարող միայնակ ստանձնել կառավարումը, եւ կառավարությունը պարտավոր է 7-օրյա ժամկետում նոր ընտրություն նշանակել։ Իսկ ինչու՞ նրանք այդպես վարվեցին. Վեդիում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, հավաքել էր ամենաշատ ձայները՝ 8668 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի առաջնորդությամբ, երկրորդն էր՝ 7706 ձայնով, իսկ Փաշինյանի աջակից Արամ Զավենիչի կուսակցությունը ստացել էր 3346 ձայն: Չունենալով 50 %+1 ձայն՝ ուժերից եւ ոչ մեկը չէր կարող միայնակ ստանձնել քաղաքի կառավարումը: Թվում էր, թե Փաշինյանի ու Զավենիչի միջեւ կոալիցիա կկնքվի, ինչպես արվում է բազմաթիվ համայնքներում, սակայն Զավենիչի կուսակցության ցուցակը գլխավորած Գարիկ Հակոբյանի շուրջ կոալիցիա այդպես էլ չկազմվեց: 7 օր անց կլինեն նոր ընտրություններ, ինչն իր հերթին նոր ծախս է ենթադրում՝ քվեաթերթիկների տպագրություն, հանձնաժողովի անդամների վարձատրություն, կազմակերպչական այլ աշխատանքներ… Կարճ ասած, յուրաքանչյուր ընտրություն ծախս է առաջին հերթին պետբյուջեի վրա, եւ սա նշանակում է, որ իշխանոթյան քմահաճույքները կամ պարտությունը նաեւ ֆինանսական հետեւանքներ են ունենալու բոլոր քաղաքացիների համար: Հավելենք, որ քանի դեռ նոր ընտրություններ նշանակված չեն, հստակ չէ, թե որքան գումար է այն կազմելու, սակայն նախորդ ընտրությունների թվերի ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մոտ 8-10 մլն դրամ է ծախսվելու մեկ համայնքի ընտրության կազմակերպման համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է: Ի դեպ, Armlur.am-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում: Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա 10 ամիսներին բնական հավելաճը կազմել է 3146, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 4 հազար 627 էր, 2019թ.՝ 8 հազար 307: Եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198, եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157: Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 10 ամիսների ընթացքում մահացել է 27 հազար 136 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 25 հազար 520 էր, 2019թ.` 21 հազար 603»: