24.11.2024
Արա Այվազյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. էական փոփոխություններ չեն լինի
prev Նախորդ նորություն

Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում կարևոր է Գերմանիայի դերը. Սաղաթելյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին:


Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:


«Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:


Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը:


Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:


Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ: