Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ում, լիբանանյան ղեկավարության կարծիքով՝ ուժով են պահել Սաուդյան Արաբիայում, հայտարարել է առաջիկա օրերին Լիբանան վերադառնալու մասին։ Հարիրին հեռուստաալիքին հայտնել է, որ Լիբանան կվերադառնա «շատ շուտով»։ Նրա խոսքով՝ ինքը Սաուդյան Արաբիայում ազատ է, և կարող է լքել երկիրը, երբ ցանկանա։Հարիրին նաև հաստատել է իր հրաժարականը, որի մասին հայտարարել էր՝ գտնվելով Սաուդյան Արաբիայում։ Նրա հրաժարականը Լիբանանում պաշտոնապես չեն ընդունել։ Հարիրիի խոսքով՝ երկիր վերադառնալուց հետո ինքը հրաժարական կտա այնպես, ինչպես ամրագրված է երկրի սահմանադրությամբ։ Հարիրին խոստովանել է, որ պաշտոնից հեռացել է ոչ պատշաճ կերպով և ընդգծել, որ դրանով ցանկացել է հասնել Լիբանանի բնակիչների ու ղեկավարության մոտ «դրական շոկի»։