ՌԴ պաշտպանության նախարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ կազմակերպում է Աֆղանստանից ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանումը ռազմատրանսպորտային ավիացիայի չորս ինքնաթիռներով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։ «Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Աֆղանստանի Իսլամական Հանրապետության տարածքից ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տարհանում է կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների (Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) եւ Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների», - ասել են ռազմական գերատեսչությունում: Նշվում է, որ «ստեղծվել է ռազմատրանսպորտային ավիացիայի չորս ինքնաթիռներից բաղկացած ավիացիոն խմբավորում»: Ինքնաթիռներն արդեն կենտրոնացած են Ուլյանովսկի օդանավակայանում։ «Թռիչքի ընթացքում Ռուսաստանի եւ այլ երկրների տարհանված քաղաքացիներին բժշկական օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու համար ռազմատրանսպորտային ավիացիայի յուրաքանչյուր ռուսական ինքնաթիռում գտնվում են ռազմական բժիշկների բժշկա-քույրական բրիգադներ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով եւ դեղորայքով», - նշել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: Բացի այդ, ինքնաթիռներն ունեն խմելու ջրի, վերմակների եւ անհատական սննդակարգի պաշարներ: