Էներգակիրների արտահանումից Իրանի եկամուտն աճել է 60%-ով
Իրանի` էներգակիրների արտահանումից ստացած եկամուտը մարտի 20-ից ի վեր 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով, հաղորդում է EADaily-ն:
«Նավթի, գազային կոնդենսատի, բնական գազի, նավթամթերքի, նավթաքիմիական արտադրանքի արտահանումից ստացված եկամուտներն այս տարվա երկու ամսում (Իրանում օրացուցային տարին սկսվել է մարտի 20-ին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 60 տոկոսով», - հայտնել է Իրանի նավթի նախարարությունը:
Այսպես, այս տարվա ապրիլին և մայիսին Իրանի եկամուտները նավթաքիմիական արդյունաբերությունից հասել են 2,4 միլիարդ դոլարի, մինչդեռ անցյալ տարի նույն ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 1,5 միլիարդ դոլար, նշում է գործակալությունը։
Ապրիլի վերջին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեհաբադին հայտարարել էր, որ Իրանն ամբողջությամբ ստանում է արտահանումից եկամուտը, այդ թվում՝ նավթի վաճառքից։ Այնուհետեւ նա նշել է, որ մեկ ամսվա ընթացքում (մարտի 20-ից) «արժութային եկամուտների ոլորտում լավ արդյունքներ են հաստատվել»։