23.11.2024
Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ ՄԱՄՈՒԼ
12.11.2024
Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց․ «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։ Այսինքն, ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի՝ արեւմտամետ կուրսի որդեգրումը` Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ․ «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից են լինելու նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող ճնշումների մասին տեղեկությունների տարածումը»։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս հայտարարությունը Հայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն եւ ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ եւ իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արեւմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։ Ակնարկել են, որ Հայաստանում էլ, Վրաստանի օրինակով, ընդունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ արտերկրից ստացվող գումարների հոսքը կանխելու համար։ Եթե ոչ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը: Թե ինչպես, չմանրամասնեցին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են: Չնայած Անդրանիկ Քոչարյանի ջանքերին՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում: Ահա սա է պատճառը, որ հարցը դեռ առկախված է մնում: Ինչու առկախված, քանի որ հայտնի «ինքնաքննադատության նիստի» օրը, երբ ՔՊ-ականները հերթով մոտեցել են ամբիոնին եւ վատաբանել Անդրանիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը չի ընդդիմացել, լսել է մոտ 40 ներկաների դժգոհությունները, բարկացել, ասել, որ հարցը պետք է լուծվի խմբակցության մակարդակով. սակայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեռ դրա վերաբերյալ համապատասխան «ՍՄՍ հաղորդագրություն» չեն ստացել: Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը սպասում են, Անդրանիկ Քոչարյանից սարսափելով՝ չեն նախաձեռնում պաշտոնանկությունը առանց լրացուցիչ ճշտումների»: «Հրապարակը» գրում է․ «Ինքնախարազանման» հայտնի նիստից հետո ՔՊ-ական որոշ շրջանակներ հույսները կտրել էին՝ կարծելով, թե Փաշինյանն ատամներով պահելու է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, չի պատժելու ԱԺ-ում անվայելուչ պահվածքի համար: Բանն այն է, որ նա թիմին հանդիմանել էր՝ բավական է իրար հետեւից խոսեք, հանգիստ թողեք Քյարամյանին` 24/7 ռեժիմով նրա դեմ հարցազրույցներ մի տվեք։ Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»: Մեկով քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, այնպես, ինչպես հաշվետու են գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը եւ այլ պաշտոնյաներ։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ մի խումբ ՔՊ-ականներ։ Ի դեպ, հայտնի լսումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյան-Աղազարյան միջադեպով նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ բախման պատճառ դարձած ՔՊ-ական պատգամավորի որդին եւ նրա ընկերության հաշվապահը։ Բայց «ստոպ» է տրված ՔՊ-ականների դեմ սկսված գործընթացին․ մենք գրել էինք, որ լսումների օրը Քյարամյանի դեմ կոշտ ելույթներ ունեցած մի խումբ պատգամավորների հրավիրել են կուսակցության Վերահսկող հանձնաժողով: Խոսքը Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Արփի Դավոյանի մասին է: Երեկվա դրությամբ հանձնաժողովը դեռ կարգապահական վարույթներ չէր հարուցել նրանցից որեւէ մեկի նկատմամբ եւ վարչությանը չէր փոխանցել։ «Հրապարակը» գրում է․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2020-ին ՔՊ-ի ցուցակով մանդատ ստացած, ապա խմբակցությունից դուրս եկած եւ Քոչարյանի թիմին անդամագրված Աննա Գրիգորյանի եղբորը` Արթուր Գրիգորյանին, ազատել են աշխատանքից: Նա ԱԱԾ-ում էր աշխատում: Մոտ 2 ամիս առաջ նրան ուղարկել են կադրերի ռեզերվ: Կատարվածը վերագրվել է քրոջ ընդդիմադիր գործունեությանը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն, չգիտես ինչու, խմբակցությունից ոչ մեկը, այդ թվում` Աննա Գրիգորյանը, չցանկացան մեկնաբանություն տալ: Ակնհայտ է, որ այս անձանց ընդդիմադիր կեցվածքը մինչեւ իրենց ընտանիքի անդամների կամ նրանց խնդրանքների տիրույթն է ձգվում: Դրանից այն կողմ սկսում են աշխատել նեղ անձնական շահերը: Սյունիքից մեզ ասացին, որ այս «կոնսպիրացիան» Արթուր Գրիգորյանի խնդրանքով է իրականացվում: Թերեւս, դեռ հույս ունի վերականգնվել աշխատանքում: «Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի մեղքով ու պատճառով կրած պարտության արդյունքում ստորագրված կապիտուլյացիայի 4-րդ տարելիցի օրը, երբ Ադրբեջանի նախագահի տիկինն իր երկրի դրոշի լուսանկարն է հրապարակել՝ որպես իրենց «հաղթանակի» նշանավորում, իսկ հազարավոր հայորդիների մայրեր, քույրեր ու կանայք Եռաբլուրում էին կամ Հայաստանի այլ բնակավայրերի գերեզմանոցներում՝ այցելելով իրենց զավակների ու ամուսինների շիրիմներին, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, լուսանկարներ է հրապարակել իր աֆրիկյան այցի՝ սաֆարի-զբոսանքի մասին: Մեր ուշադրությունը գրավեց լուսանկարներից մեկը, որը մակագրված է «Ես և իմ լավագույն ընկերները»: Տանզանիայի խոշորագույն՝ Nyerere National Park-ում արված լուսանկարում Աննա Հակոբյանից ու Մարիամ Փաշինյանից զատ ևս երկու կանայք են: Իսկ ովքե՞ր էին նրանք: Դա ճշտելը մեծ բարդություն չէր ներկայացնում, որովհետև «Սաֆարիի աղջիկները» նշումից զատ, նկարի վրա արված էր մի քանի «թեգ»: Պարզվեց՝ խոսքը բժիշկ Գոհար Պետրոսյանի ու նրա դստեր՝ Լինդա Կոստանովայի մասին է: Սոցիալական ցանցերում մի փոքր «պտույտից» պարզվեց, որ Գոհար Պետրոսյանը Աննա Հակոբյանի ընկերուհին է, իսկ նրա ամուսինը ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովն է: Ըստ մի շարք օգտատերերի, հենց վերջինս էլ ֆինանսավորել է Աննա Հակոբյանի և նրան ուղեկցողների աֆրիկյան հանգիստը: Ի դեպ, օգտատերերը նաև նշում էին, որ նկարում երևացող Լինդա Կոստանովային «տեղավորել են հարկայինում»: Հավելենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետների, երկու հոգու նման «տանզանյան հանգիստը» արժե մոտ 6000 դոլար։ Սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, էկոնոմ դասի տոմսերով փաթեթի մասին է, որովհետև մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ բիզնես դասի միայն տոմսերի գները երկու անձի համար տատանվում էին 7-ից 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում: «Հրապարակը» գրում է․ Մենք գրել էինք, որ ՔՊ փակ նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է, թե ինչ վատ ծրագիր են մշակել իր նախորդները՝ հայկական արբանյակի հետ կապված, որի արդյունքում բյուջեից 8 միլիոն դոլար է մսխվել։ Նա, պարզվում է, շատ ծանր է տարել մեր հրապարակումը․ երեկ ԱԺ-ում հարցերին պատասխանելու փոխարեն նա թիրախավորել է մեր լրագրողին, «ռազբորկա» սարքել: Բայց զայրույթի ու չեմուչումի արանքում գրեթե ամբողջը հաստատել է․ «8 միլիոն դոլարի ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի», մեր արբանյակի արած լուսանկարները չեն կարող աշխարհի մյուս արբանյակների նման որակ ապահովել եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հեղափոխություն հանուն ՔՊ մերձակա խմբակի». այլ կերպ չի կարելի բնորոշել այն, ինչը արձանագրվում է թվերով, ավելի ճիշտ՝ թալանով, քանզի այդ բառը չարաշահելով, որպես լոզունգ օգտագործելով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առ այսօր երկրում բարելավել են բացառապես սեփական բարեկեցությունը։ ԱԺ ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր կա` Տիգրան Պարսիլյան: Նախկին շարքային քաղաքացի, որի կինը՝ Նվարդ Սարգսյանը Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից։ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը աշխատել եւ վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ։ Նույնպիսի թռիչքաձեւ աճ արձանագրվեց նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում: Նրա աշխատավարձը «Հայփոստ»-ում 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկան միջին աշխատավճարը 1.8 միլիոն դրամ է: Դժբախտ թոշակառուների մասին, թերեւս, ավելորդ է հիշատակել. նրանց թոշակն այս տարի եւս գեթ մեկ դրամով չի ավելանալու` «գումար չկա»։ Բայց ՔՊ-ականների համար, փաստորեն, միշտ գումար կա»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաց աղբյուրներում տեղադրված ինֆորմացիայի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին այսօրվա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել: Մինչ այդ փաստը մանրամասնելը տեղեկացնենք, որ Կոնջորյանը եզակի «չքայլած» հեղափոխականներից է, որը երիտասարդ տարիքում հասցրել է երեք կուսակցություն փոխել: Կոնջորյանը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության (ՀԺԱՄ) անդամ էր, որտեղից դուրս է եկել չբացատրված պատճառներով: Միայն հայտնի է, որ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, հասցրեց իր հարսանիքի քավոր դարձնել Էդմոն Մարուքյանին եւ քայլում էր դեպի լուսավոր ապագա: Այդ ճանապարհին նա, կարծես թե, այնքան էլ չէր հավատում իր քաղաքական ապագային, դրա համար, թերեւս, բեռնատար «Հունդայի» էր գնել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեր: Բայց 2018-ից Կոնջորյանը նաեւ իր քավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ դուրս եկավ` տեղավորվելով իշխող թիմի ներսում: Եվ այդ ընթացքում նրա «բեռնատար» ավտոմեքենան 2022 թվականի հայտարարագրում դարձավ «մարդատար»: Ավելին՝ մարդատար ավտոմեքենան նա վաճառեց իր հարազատ եղբորը 3 միլիոն դրամով` նույն օրը եղբորից գնելով 9 միլիոն դրամ արժողության «Տոյոտա» մեքենան։ «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց կապ հաստատել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հասկանալու համար, թե հեղափոխության օրերին ինչ խառը առք-վաճառքով է նա զբաղված եղել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այսպես է սկսվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Սարգիս Թորոսյանի կենսագրությունը։ Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը Սարգիս Թորոսյանը շրջագայել է նախ առողջապահության նախարարությունում, հետո արդարադատության, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նախկին իշխանություններից է, որին մերժելով էլ ամրանում է ներկայիս իշխանությունը։ Հեղափոխության տարում Թորոսյանը տեղափոխվեց կառավարություն եւ հասարակ վարչության պետից դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սարգիս Թորոսյանն իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2017 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում եւ ավտոկայանատեղի: Անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, Թորոսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բանկային հաշիվներից մեկի մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 992 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 1 մլն 89 հազար դրամ։ Բանկային մյուս հաշվի մնացորդները նվազել են՝ 132 հազար դրամից դառնալով 3 հազար դրամ, վերջինը 271 հազար դրամից դարձել է կրկին 3 հազար դրամ: Որպես կանխիկ դրամական միջոց հաշվետու տարվա սկզբում Սարգիոս Թորոսյանը հայտարարագրել է 8 մլն դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ. կրկին նվազել է: Տեղակալ Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 19 մլն 125 հազար դրամ, որից 14 մլն 707 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 3 մլն 630 հազար դրամը պետական եկամուտների կոմիտեից ստացված գումարն է, 749 հազար դրամը փոխանցվել է Սլավոնական համալսարանից, որտեղ Թորոսյանը դասախոս է աշխատում 2015 թվականից, իսկ 38 հազար դրամը նրան փոխանցվել է Կառավարման ակադեմիայից: Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի վարկի մայր գումարը կազմել է 36 մլն 313 հազար դրամ, որից 35 մլն դրամը բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդներն են: Այսինքն՝ Թորոսյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան։ Հենց բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է Թորոսյանը եկամուտ ստացել ՊԵԿ-ից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։ Ֆինանսական միջոցների նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ Սարգիս Թորոսյանը 3.1 մլն դրամ ուղղել է վարկերի մարմանը, իսկ 7 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը»: