Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին նախագահի պաշտոնում իշխող ուժից առաջադրելու մասին հրապարակումները «99 տոկոսով ճիշտ են»: Պատգամավորը խնդրեց ասվածը չհամարել պաշտոնական հաստատում՝ հորդորելով դիմել իշխող ուժի խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին: «Ես լիազորված չեմ նման հայտարարություններ անել։ Ես ընդամենը ասացի, որ այս անգամ մամուլում հրապարակումները, ըստ էության, շատ, շատ մոտ են իրականությանը», - հայտարարեց Հովակիմյանը։ Նա չբացառեց, որ խմբակցությունն արդեն այսօր պաշտոնապես կհայտարարի թեկնածուին: Նշենք, որ այս պահին ընթանում է խմբակցության փակ հանդիպումը Վահագն Խաչատրյանի հետ: