14.10.2024
Իշխանությունն աճ է ապահովել միայն երկու ոլորտում՝ թմրանյութեր և մոլախաղեր. կարծիք
prev Նախորդ նորություն

Արցախը կարող է մնալ առանց իշխանության. ի՞նչ է կատարվում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովասյանի երեկվա անսպասելի հայտարարությունը նոր փոթորիկ է առաջացրել ներքաղաքական դաշտում։ Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։ Թովմասյանը չի բացառել, որ նշված երկու անձինք հրաժարվեն անդամակցել այդ կոմիտեին։ Հատկապես ընդդիմադիր շրջանակներում մտավախություն ունեն, որ նման կոմիտե ստեղծելով՝ ԱՀ իշխանությունները փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունների ծրագիրը՝ գլխատել պետական ինստիտուտները՝ Արցախը հասցնելով Ադրբեջանի կազմում համայնքի կարգավիճակի։ Բանն այն է, որ 90-ականների մոդելով Պաշտպանության կոմիտեի ձեւավորումը կնշանակի իշխանության բոլոր լիազորությունների փոխանցում այդ կառույցին, որի ձեռքում կկենտրոնանան բոլոր ուժերն ու ռեսուրսները, ինչը հղի է վտանգներով։ Նույն այդ կոմիտեն մի օր կարող է որոշել, որ ինքն է բանակցելու Ադրբեջանի հետ, որ ընտրված իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը ու պետք է հրաժարական տան եւ այլն։ Մյուս կողմից՝ այս հայտարարությամբ Թովմասյանը հայտարարում է, որ կեղծ են այն պնդումները, թե Արցախում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ընդդիմությունը նման հարց էր բարձրացնում, իշխանությունը հակադարձում էր, թե նման պայմաններում վտանգավոր է ընտրությունների գնալը։ Արդյունքում Արցախը կարող է մնալ առանց իշխանության»: 


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաեւ կառավարության ղեկավարը։ Սակայն ուշագրավ է, որ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում ընդգրկված չէ ո՛չ Հռոմի միջազգային քրեական դատարանի ստատուտի նախագիծը, ո՛չ Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նախագիծը։ Այն դեպքում, որ ՔՊ-ականներն ասում էին, թե նախագիծը մշակման փուլում է եւ պետք է ներկայացվի երեքշաբթի մեկնարկող հերթական նիստերին՞»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։ Հիշեցնենք, որ 1994 թ․ դեկտեմբերի 28-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ «Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետեւ հայակործան կազմակերպություն է, եւ դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հայտնի մարդիկ»,- ասում է Ասլանյանը։ Նա այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չի պլանավորում․ «Ես ինձ համար նյութեր եմ հավաքում, որպեսզի ավելին իմանամ այդ կազմակերպության լրտեսական գործունեության մասին։ Սովորաբար քաղաքական կուսակցությունները պետք է համագումարով հաստատեն իրենց գոյությունը։ Իրենք դիտավորյալ «համագումար» բառը հանել են, «համաժողով» բառն են դրել, հիմա պետք է ճշտեմ՝ ինչո՞ւ է կոչվում համաժողով»։ Իսկ ճշգրտումներից հետո կսկսե՞ք կասեցման գործընթաց։ «Եթե ես այնքան նյութեր ունենամ, վստահ լինեմ, որ պետք է, ուրեմն հանդես կգամ, եթե ոչ․․․ եկեք անկեղծ լինենք, սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասաց ՔՊ-ականը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումում նշել է, որ բնակվում է Նար-Դոս փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով: Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե պատգամավորը մարզաբնակ է, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում, սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նշեցինք, ամսական 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում՝ լինելով երեւանաբնակ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե վերջին 2 տարիներին ովքեր են դիմել պատգամավորներից վարձավճարի փոխհատուցման համար: Լրատվական ծառայությունը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հրաժարվեց տալ այդ տեղեկությունը: Նախկինում՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը, երբեք որեւէ գումարման խորհրդարան այս տեղեկությունը գաղտնի չի պահել: Թափանցիկության մասին ճամարտակող հեղափոխական իշխանիկները նաեւ այս պարզ տեղեկությունն են թաքցնում հանրությունից: Մենք, սակայն, ունենք փաստեր, որ Արթուր Հովհաննիսյանը, որը գրանցված է իր ընդդիմադիր քեռու՝ Ռուբեն Հովհաննիսյանի բնակարանի հասցեով, պետական բյուջեից ստացել է վարձաճարի փոխհատուցում, եւ նա ամբիոնից խոսում է կոռուպցիայի անթույլատրելիության մասին. ի՞նչ է այս դեպքը, եթե ոչ կոռուպցիա, պաշտոնեական դիրքի չարաշահում: Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվա Սաղոյանը պատահական մարդ չէ. նա 2021թ. հուլիսի 14-ին Սնանկության դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Սաղոյանի քույրն է։ Եւ այս իրավիճակում հետաքրքիր է, թե երկու քույրերը ինչպես են հակակշռելու դատախազություն-դատարան մոզաիկան՝ բնակվելով նույն հարկի տակ՝ Շենգավիթ վարչական շրջանում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան։ Նախարար Վահան Քերոբյանի աշխատակազմը շատ այլ նախարարությունների պես ամբողջական չէ, ընդ որում՝ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ կայքում առկա տվյալների՝ նախարար Վահան Քերոբյանը չունի մամուլի քարտուղար։ Վարչություններում եւս կան թափուր հաստիքներ, օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չունի Գիտելիքահեն տնտեսության վարչության պետ, Թեթեւ արդյունաբերության վարչության պետ, ինչպես նաեւ Անասնաբուծության վարչության, Սննդամթերքի անվտանգության վարչության պետեր։ Եթե խոսենք բաժիններից, ապա թափուր են առաջին բաժնի պետի, ինչպես նաեւ ստորաբաժանումների պետերի պաշտոնները։ Ղեկավար չունի Առեւտրային ներկայացուցիչների եւ ներդրողների աջակցության գրասենյակը, Մարքեթինգի եւ խթանման վարչությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նախարարությունում աշխատել չեն ցանկանում, եւ անձամբ նախարար Քերոբյանի գործոնը եւս կարեւոր է։ Հենց նրա օրոք են նախարարությունում այնպիսի փոփոխություններ եղել, որոնցից հետո վարչություններ, բաժիններ են միավորվել։ Նրա տեղակալները եւս հաճախ են փոխվում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել: Մշտապես թափանցիկ կառավարման մասին թմբկահարող հեղափոխական իշխանությունն այլեւս այնքան է հեռվացել իր իսկ սկզբունքներից, որ հարկ չի համարում անգամ նախարարների գործուղումների մասին տեղեկություն տրամադրել: Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կայքից տեղեկանում է, որ վարչապետը որոշումներ է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան գործուղումների վերաբերյալ: Այսպիսով, Անդրեասյանը հունիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Կազան) Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ Անահիտ Ավանեսյանը մայիսի 21-23-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային մասնակցելու նպատակով: Վարչապետի որոշումներում որեւէ խոսք չկա՝ թե ինչ միջոցներով են նախարարները գործուղումների մեկնելու՝ ՀՀ պետբյուջեի՞, թե՞ հրավիրող կողմն է հոգալու ծախսերը: Նկատենք, որ մշտապես թե՛ ԱԺ կայքում, թե՛ կառավարության կայքում հրապարակված գործուղումների մասին որոշումներում հստակ նշված է եղել, թե ինչ միջոցների հաշվին են պատգամավորները կամ նախարարները գործուղման մեկնում: Կարող ենք արձանագրել, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը հերթական հետքայլն է անում իր իսկ սկզբունքներից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սյունիքը շարունակում է մնալ Արեւմուտքի ուշադրության կենտրոնում։ 15 եվրոպական երկրների դեսպաններ օրերս այցելել են մարզ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ։ Որոշել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնել Սյունիքում։ Եղել են Կապանում, այսօր Գորիս այց է նախատեսվում։ Հանդիպել են մարզպետի հետ, մասնակցել ցուցահանդեսի, համերգային միջոցառման։ Տարեսկզբից Սյունիքում մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն է ուղղված։ Ասվել էր, որ 5 տարվա կտրվածքով մարզին տրամադրելու են 51 մլն եվրո, երեկ ասվել է 116 մլն-ի մասին։ Սակայն նպատակը ոչ թե Սյունիքի զարգացմանը նպաստելն է, այլ նրա աշխարհաքաղաքական դիրքը»:


 

Արևմուտքը որևէ երաշխիք չի տալիս և ճնշում է Հայաստանին. կարծիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ