Կրճատումներ ու խնայողություն. Վարչապետը կանաչ լույս տվեց 2017-ի «կոշտ» բյուջեին
Պետական ապարատում ծախսերի կրճատումը և դրանց արդյունավետության բարձրացումը կառավարության թիրախում է: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս խնդրի մասին խոսել է գրեթե իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից և ահա, քանզի 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն հասանելի է, կարելի է տեսնել, թե ինչ քայլեր են այս ուղղությամբ կատարվելու:
Գործադիրն իր վերջին նիստում հաստատելով նախագիծը` հավանություն տվեց 7.3 մլրդ դրամով պետական ապարատի ծախսերը կրճատելուն: Այսինքն` օրենսդիր և գործադիր մարմիններին 2017 թվականին կհատկացվի 78.8 մլրդ դրամ, մինչդեռ 2016 թվականին ֆինանսական փաստաթղթով այդ թիվը կազմում էր 86.1 մլրդ դրամ: Հաջորդ էական փոփոխությունը, որ առկա է պետական բյուջեի նախագծում` գործուղումներին ուղղվող գումարների կրճատումն է: Նախագծում ամրագրված է, որ այդ գումարները կկրճատվեն 150 մլն դրամով կամ 30 տոկոսով՝ 500 մլն դրամից նվազեցվելով մինչև 350 մլն դրամի: Սա հույս է ներշնչում, որ նախարարությունների շարքային ներկայացուցիչները գործուղումների մեկնելիս բիզնես դասով չեն մեկնի և, կամ, ամեն գործուղման նպատակով պետական միջոցներ չեն ծախսվի:
Ավելին. որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե 150 մլն դրամի խնայողությունը որքանով է կարևոր նշենք, որ, օրինակ, ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից ՓՄՁ պետական աջակցության 2015 թվականի ծրագրի շրջանակներում նախատեսվել է հատկացնել 152.300.000 դրամ: Իսկ Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարում այդքան գումար` 150 մլն դրամ, հատկացրել է սալահատակման և ասֆալտապատման աշխատանքների համար:
Վերջին նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Վարչապետը խստագույնս հանձնարարեց պահպանել միայն այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը նպատակահարմար է և հիմնավորված: Նույն մոտեցումը նաև ԾԻԳ-երի մասով`վարչապետը հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություն: Ի դեպ, որոշակի կրճատումներ ԾԻԳ-երի մասով, պարզվեց, արդեն արվել են` ֆինանսների նախարարը զեկուցեց ու շեշտեց, որ 2017 թվականի բյուջեն լինելու է «կոշտ» բյուջե:
Ազգային Ժողովում իր առաջին հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետը խոստովանել էր, որ ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Նա նաև նշել էր, որ եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և խոստացել, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով: Հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը դեռ քննարկման փուլում է, և մնում է հուսալ, որ կրճատված գումարները կլինեն ոչ միայն թղթի վրա,այլև շոշափելի` սոցիալական լարվածությունն իսկապես նվազեցնելուն ուղղված:
Նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետական բյուջեն կկազմի՝ 1.21 տրիլիոն դրամ` եկամուտների գծով, 1,360 տրիլիոն դրամ` ծախսերի գծով, իսկ դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամ:
Պատրաստեց Լիա Խոջոյանը