Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի «Հարցերով ֆորպոստ» հոդվածը հայկական մեդիադաշտում բուռն էմոցիաներ է առաջացրել: Փորձագետի մանրակրկիտ ներկայացրել են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, զինատեսակները և ռազմական տեխնիկան, որոնք հայկական լսարանի կողմից ընկալվեր էր որպես դավաճանություն, հարված թիկունքից մի երկրի ներկայացուցչի կողմից, որը համարվում է ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը:
Շատերը փորձել են այստեղ տեսնել Կրեմլի անտեսանելի ձեռքը՝ ռուս-թուրքական հակամարտության պայմաններում Երևանին շանտաժի ենթարկելու փորձ:
Խրամչիխինը զինատեսակներից և զորքերի տեղակայման վայրերից բացի գրում է նաև, որ «ՀՀ-ին դիմակայելու է բազմակի անգամ ուժեղ հակառակորդ նաև հյուսիսից, Ադրբեջանից կողմից առկա վտանգի պայմաններում: Առաջանում է ամբողջական ռազմական ջախջախման և երկրի օկուպացման և բնականաբար Ղարաբաղի կորստի վտանգ: Մյուս կողմից, հանդես գալով ՌԴ-ի կողքին՝ Երևանը ստանում է Մոսկվայի միակ, իրական, այլ ոչ թե ուղղակի խոսքերի վրա, դաշնակցի դեր, ստանալով հիմնական ՝թուրքական սպառնալիքից ազատվելու լավ շանսեր»:
Խրամչիխինի հրապարակման հետ կապված լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից: Վերջինս նշել է, որ չի խորանալու նյութի մանրամասների մեջ, քանի որ հայկական բանակը պատրաստ է ցանկացած պարագայում հակահարված հասցնել Ադրբեջանի ռազմական արկածախնդրություններին:
VERELQ-ի թղթակիցը կարողացել է կապ հաստատել հոդվածի հեղինակի հետ: Մեզ հետ զրույցում Խրամչիխինը նշեց, որ «Военно-промышленный курьер» հանդեսը հրապարակում է հոդվածների շարք հետխորհրդային երկրների բանակների մասին և ՀՀ-ը բացառություն չէ:
«Հոդվածների շարքի հրապարակումը սկսվել է նախորդ տարվանից: Հաջորդ շաբաթ դուրս է գալու համապատասխան հոդվածը ադրբեջանական բանակի մասին: Այստեղ ոչ մի կրիմինալ չկա: Ավելին, հրապարակված տվյալներում ոչ մի գաղտնի բան չկա: Օգտագործվել են բացառապես բաց աղբյուրները, պաշտոնական աղբյուրները: Ինձ համար տարօրինակ է, ի՞նչ կա այդտեղ գաղտնի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ը ու Ադրբեջանը իրենց զինված ուժերի մասին տեղեկություններ են տրամադրում միջազգային կառույցներին: Երևանն ու Բաքուն ամեն տարի միմյանց հետ փոխանակվում են իրենց գաղտնիքներով», - նշել է փորձագետը:
Հայկական լսարանի արձագանքը Խրամչիխինը չափազանց նյարդային է համարել: «Ես մեծ քանակությամբ քննադատական հոդվածներ եմ գրել ռուսական բանակի վերաբերյալ: Իհարկե, դա շատերին դուր չի գալիս, սակայն ինչ արած», - նշել է փորձագետը: Նա հավելել է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի լարվածության հետ այդ հրապարակումը կապ չունի: «Այդ իրադարձություններն ուղղակի համընկել են: Ոչ մի այլ խնդիր չի դրվել»,-նշել է մեր զրուցակիցը:
Նրա հետ համաձայն չեն ռուսաստանցի նրա գործընկերները: Մասնավորապես, ինչպես նշել է Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը դաշնակից երկրի բանակի մասին տեղեկություններ հրապարակելը կոռեկտ չէ: «Դա ոչ հրապարակային պայմանավորվածությունների խախտում է», - նշել է նա Tert.am հետ զրույցում:
Իր հերթին, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը EADaily հետ զրույցում հայտարարել է, որ Խրամչիխինի հոդվածը, որը ԶԼՄ-ներ անվանում են գաղտի, ավելի շատ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: "Հոդվածի տեղեկությունները գաղտնիք չեն և դրանց հետ կարելի է ծանոթանալ անգամ Վիկիպեդիայում: Այդ փորձագետի տվյալներում շատ անճշտություններ կան", - հավելել է նա: