23.11.2024
Արեւմուտքը չի կարող ԼՂ բանակցությունների արդյունավետ մոդերատոր դառնալ. աղբյուր
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գորշ կարդինալ Սուրեն Պապիկյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ կան, որոնք կարեւոր դեր ունեն երկրում, բայց ստվերում են՝ անկյուն քաշված իրենց գործն են առաջ տանում: Մոտ 3 տարի նման գորշ կարդինալի դերում էր Տիգրան Ավինյանը։ Նույնը՝ Սուրեն Պապիկյանը, որը շատ որոշումների կայացմանն է ակտիվ մասնակցել։ Հիմա, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, նաեւ միջազգային հարթակ է դուրս եկել` սերտ շփվելու է ՌԴ պաշտոնական շրջանակների, ՆԱՏՕ-ի հետ, բայց ձեռք չի քաշում նաեւ ներքին կյանքից: Նա նախկինում էլ պաշտոնների է տեղավորել իր ընկեր-բարեկամներին, հիմա առավել ինտենսիվ է տարբեր համակարգերում իր մարդկանց ներդնում: Օրերս Դավթաշենի թաղապետ է նշանակել, ինչը դժգոհություն է առաջացրել: ՔՊ-ում կարծում են, որ նա պատրաստվում է իշխանության ժառանգորդի դերին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում եւ, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն եւ այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից եւ նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Գրել են, որ նա իր հայտարարությունները պետք է անի կշռադատված, չխախտի Սահմանադրությունն ու օրենքները, «չառաջացնի խնդիրներ ՀՀ պետականության համար», մինչդեռ ԱԺ նախագահի հայտարարություններն ազդում են ՀՀ միջազգային հեղինակության, արտաքին եւ ներքին անվտանգության վրա, խախտում են գերիների «անմեղության կանխավարկածը», հոգեկան տառապանք պատճառում նրանց հարազատներին։ Մյուս հիմնավորումն այն է, որ Սիմոնյանն ընտրվելու օրվանից «անհարկի» միջամտում է ընդդիմադիրների ելույթներին, կողմնապահ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառում եւ չի կատարել Սահմանադրությամբ իր պարտականությունը՝ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի՝ ԱԺ նիստերին «անխոչընդոտ մասնակցությունն» ապահովելու համար։ «Ալեն Սիմոնյանի վարքագիծն ինքնին խնդրահարույց է նաեւ պատգամավորական վարքականոնի տեսանկյունից»,- գրել են տեքստում: ՔՊ խմբակցությունում կասկած չունեն, որ նախաձեռնությունն «օրորոցում» խեղդվելու է։ Բանն այն է, որ ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում պետք է քննարկվի: Եթե ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, ներկայացնող խմբակցությունը նախագիծը կարող է համարել արտահերթ եւ մտցնել լիագումար նիստի օրակարգ, սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցն օրակարգ չի մտնի»:


«Հրապարակ» թերթը գրում է.  «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որը Տարոն Մարգարյանի սանիկն է, ավտոբուսի վարորդների ակցիայի «զոհը» դարձավ` դիմում գրեց։ Բայց այդ հրաժարականին կողմ է եղել նաեւ Հայկ Մարությանը: Երբ 2018-ին ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից դիմումներ էին գրում, վարորդները կանգնել են Թարփոշյանի մեջքին ու պահանջել, որ նա շարունակի աշխատել։ Մարությանը տեսել է, որ նա իրոք հարգանք է վայելում, ասել է՝ թող մնա։ Հիմա վարորդները Թարփոշյանից դժգոհ են, Հայկ Մարությանն էլ նրան սիրով քավության նոխազ դարձրեց եւ պատրաստվում է մյուս պահանջներն էլ բավարարել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։ Սահմանազատումից առաջ Փաշինյանին պետք է նախ իր թիմին նախապատրաստել, քանի որ այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նա մտահոգ է՝ ՔՊ-ականների մեջ էլ հայրենասեր մարդիկ կլինեն եւ կխոչընդոտեն իր ծրագրերին։ Լիպարիտյանը փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ մենք՝ հայերս, այն էլ՝ պարտությունից հետո, չենք կարող որեւէ դեր ստանձնել, պահանջներ դնել, մեր գոյատեւման միակ պայմանն ընդառաջելն է թուրք-ադրբեջանական տանդեմին եւ հարաբերություններ հաստատելը։ Ասել է, որ հիմա կարեւոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելը ճիշտ չէ։ Պետք է զիջենք թուրք-ադրբեջանական պահանջին եւ ճանապարհի ու միջանցքի արանքում մի լուծում գտնենք, բայց թե ինչ` չի մանրամասնել։ Նա պատմական էքսկուրս է արել՝ համոզելով, որ հողերի հանձնումն անխուսափելի էր, քանի որ դեռ 90-ականներից միջազգային հանրությունն այն դիտարկում էր որպես օկուպացված: Հարցրել են՝ ինչո՞ւ հաղթած դիրքերից առաջին նախագահը չլուծեց հարցը, պատասխանել է՝ թիմակիցները թույլ չտվեցին՝ ակնարկելով Վազգեն Սարգսյանին։ Ասել է նաեւ, որ այսօր մենք, ըստ էության, չունենք արտաքին քաղաքականություն։ Հանդիպմանը ներկա է եղել 20-25 պատգամավոր: Շեշտեցին, որ նրա մոտեցումներն իշխող խմբակցությունում այնքան էլ չեն ողջունում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Քաղպայմանագիրը բոլոր հնարավոր ձեւերով փորձում է Վեդիում իշխանությունը զավթել, այստեղ մասնակից երեք ուժերից եւ ոչ մեկը 50+1 ձայն չի ստացել, առաջատարը հզոր համայնքն է, սակայն ՔՊ-ն ջանում էր Արամ Զավենիչի «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել: Մենք քանիցս անդրադարձել ենք, տեղեկացնելով, որ Զավենիչի թեկնածուն` Գագիկ Հակոբյանը՝ Գոջ մականունով, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ հավատրիմ մնացել նախընտրական երդմանը, որ որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի: Վեդիում իշխանությունը բոլոր գործիքները կիրառել է, որպեսզի կոտրի նրա դիմադրությունը` անգամ պատրաստակամություն են հայտնել Գոջին զիջել համայնքի ղեկավարի պաշտոնը, փոխարենը իրենց վերցնել տեղակալների, մի քանի համայնքապետերի պաշտոն, սակայն ապարդյուն: Կրքերն այնքան են լարվել, որ նախօրեին Արամ Զավենիչի ընկերոջ` Վեդի Ալկո գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանի որդիները, որոնք աջակցել են Գոջին, առաջին օրվանից մասնակցել ընտրարշավին, ընդհարում են ունեցել թեկնածուի հետ: Պահանջել են վերադարձնել ծախսած գումարները, եթե չի միանում ՔՊ-ին: Մեզ ասացին, որ խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է, սակայն Գոջն ասել է, որ այդ գումարը ծախսել են թիմի, ոչ թե իր կարիքների համար, կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, Վեդի Ալկոյի գործարանի տարածքում քաշքշուկ է սկսվել, թեկնածուին ծեծել են: Չնայած կողմերից ոչ մեկը բողոք չի ներկայացրել, սակայն մեզ ասացին, որ ոստիկանները Գոջին հրավիրել են ոստիկանություն` բացատրություն տալու, ապա բաց են թողել, որ աղմուկ չբարձրանա: Սա եղել է վերջին կաթիլը, եւ երբ ՔՊ-ականներն ու Արամ Սարգսյանը հասկացել են, որ հնարավոր չէ կոալիցիա կազմել, եկել են պայմանավորվածության եւ Գոջին էլ ստիպել են, որ մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ Վեդիում նոր ընտրություններ անցկացնեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեեւ այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռեւս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի: Փաշինյանի՝ իշխանության համար Ընտրական օրենսգրքի փոխոխության հանձնառությունը, փաստորեն, իրական փորձություն դարձավ: «Քաղաքացիական պայմանագրի»՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները որոշ համայնքներում համայնքապետ ընտրվելու ճանապարհին դժվարությունների են հանդիպում, քանի որ, ըստ նոր ԸՕ փոփոխության, համայնքապետը միանձնյա կարող է ընտրվել, եթե հաղթահարում է «50+»-ի շեմը: Թալինում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, օրինակ, որտեղ ՔՊ-ն առավելագույն (40-ից ավելի տոկոս) թվով ձայներ է հավաքել, անակնկալ իրավիճակում է հայտնվել, քանի որ մանդատ ստացած մյուս ուժերը հայտարարել են միավորվելու ու իշխանություն վերցնելու մասին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության անդամները չեն էլ թաքցնում՝ անելու են հնարավորը, որ ընդիմադիր դաշինքները տեղի տան, ու ՔՊ-ի թեկնածուները ստանձնեն համայնքների ղեկավարումը: Ցանկալի արդյունքին իշխանականները հասել են Թալինում. այստեղ կուսակցություններից մեկը հայտարարել է մանդատներից հրաժարվելու մասին, քանի որ ճնշումների ենթարկվեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում նույնպես ՔՊ-ն բանակցություններ է վարում՝ հասկանալու համար՝ ավագանու որ անդամներին կարող է համոզել իրենց միանալ: Վարդենիսում էլ «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ուժային կառույցները լծվել են ավագանու մյուս անդամների ու ընդհուպ նրանց կանանց հարցաքննության կանչելու գործին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021թ. առաջին 9 ամիսներին արձանագրվել է պաշտոնական դրամաշնորհների բավական ցածր` 29.3% կատարողական։ Սա պայմանավորված է արտաքին դոնորների կողմից տրամադրվող նպատակային դրամաշնորհների 64.0% թերակատարմամբ (խոսքը շուրջ 10 մլրդ դրամի մասին է): Ընդ որում, նպատակային ծրագրերից 5-ի շրջանակներում նախատեսված 1.8 մլրդ դրամի դրամաշնորհները չեն ստացվել ամբողջությամբ, իսկ 13 ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները ստացվել են մասնակիորեն՝ 36.4%-ով, որոնք կազմել են ավելի քան 4.7 մլրդ դրամ: Նկատենք, որ ՀՀ կառավարությունը չի ստացել Եվրամիության կողմից բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված 3.8 մլրդ դրամի չափով ոչ նպատակային դրամաշնորհային միջոցները, որոնք պետք է ուղղվեին Հայաստանում Covid-19-ի կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Ցավոք, պաշտոնական դրամաշնորհների զգալիորեն թերակատարման երեւույթը 3 տարուց ավել կրկնվում է եւ հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհների ստացման համար անհրաժեշտ նախապայմաններն ամբողջական եւ ժամանակին չկատարելու գործոնով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23 հազար 834 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 22 հազար 8 դեպք, այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1826 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 11 հազար 434 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 711: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 282՝ անցած տարվա 261-ի դիմաց: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, հանցագործությունների տեսակներով պայմանավորված, աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 162 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 176-ի: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 4027 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5029 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: