VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հակամարտության վերջին ռաունդից հետո, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառության մեջ է դրվել Մարությանին անվստահություն հայտնելու մի անստորագիր նախագիծ` տեքստ, որը պետք է ստորագրվի, ապա մտնի ավագանու նիստի օրակարգ։ Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե ոմանք արդեն ստորագրել են, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագծի ճակատագիրը դեռեւս անորոշ է՝ օդում կախված, եթե ավագանու անդամների բավարար թվով ստորագրություններ հավաքված լինեին, կուղարկվեր նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, ինչը չի արվել։ Չնայած դրան, բոլորը սպասողական վիճակում են: Ակտիվ է հատկապես Հայկ Մարությանը, որն «աշխատանքներ է տանում» ավագանու անդամների հետ, համոզում, որ չգնան նման քայլի, մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նման նախագծով փորձում է ընդամենը Մարությանի վախը բռնել, ոչ թե իրականում իմպիչմենտ հայտնել: Ըստ ամենայնի, Հայկ Մարությանից հերթական լծակները կխլեն, ինչպես ամիսներ առաջ խլել են վարչական շրջանների ղեկավարների նշանակումը, եւ այն իր ձեռքն է վերցրել Սուրեն Պապիկյանը։ Թե կոնկրետ որ լծակն այս անգամ կլինի` հայտնի չէ։ ՀԳ. Օրվա վերջում հայտնի դարձավ, որ նախագիծը ստորագրել է 40 հոգի, իսկ գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է 33 ստորագրություն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընտրությունների միջոցով մի շարք համայնքների ղկավարների չկարողացավ փոխել իշխանությունը, եւ ժողովրդավարությունից բարձր գոռացող «իշխանիկները» ռեպրեսիաներ են կիրառում իրենց քիմքին ոչ հաճելի, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքների պոտենցիալ ղեկավարերի դեմ: Որտեղ իշխանական թեկնածուները 50% եւ պլյուս մեկ ձայն չեն հավաքել, մյուս թեկնածուների դեմ բռնաճնշումներ են բանեցնում՝ ընդհուպ կալանավորելով նրանց: Դեկտեմբերի 9-ին կալանավորվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, ապա մեղադրանք առաջադրվեց մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջ նկատմամբ. նրան գիշերով բերման ենթարկեցին: Այդ ամենից բացի, երեկ էլ հետապնդում սկսվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ում գլխավորած դաշինքը եւս այս ընտրություններում ավելի շատ ձայն էր հավաքել, քան ՔՊ-ն։ Նրան երեկ ձերբակալեցին: Թալինում ՔՊ-ն կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, եւ իրենց թեկնածուն հաղթեց՝ մյուսների ճնշման գնով։ Ցանկը երկար է. Ախուրյանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում եւ այլ համայնքներում նույն բռնաճնշումների շղթան է: Դեկտեմբերի 12-ին էլ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շփվել է գեներալների, Ռոբերտ Քոչարյանի հետ, շեղվել ՔՊ ուղուց, անմիջապես հաջորդ օրը սկսվեցին ճնշումները Հայկ Մարությանի նկատմամբ: Երեկ երեկոյան արդեն Երեւանի ավագանու մոտ 40 անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ էին պատրաստել, ստորագրել, որով պատրաստվում են պաշտոնանկ անել Երեւանի ամենաչստացված քաղաքապետերից մեկին: Ինչո՞ւ չստացված. քանի որ ընտրվելուց հետո նրան այդպես էլ չտեսանք Երեւանում շրջելիս, չերեւաց մի նորույթ մայրաքաղաքում: Բայց այն, ինչ արվում է Մարությանի նկատմամբ միայն այն բանի համար է, որ չի կատարել տարբեր փաշինյանների քմահաճույքները, ինչ խոսք, անթուլատրելի է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ եւ կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի: Մանավանդ` առաջիկա օրերին ավագանու նիստ է նախատեսված, եթե նա ազատության մեջ լինի, հնարավոր է կրկին քաղաքապետ ընտրվի, ինչն անչափ չեն ուզում գործող իշխանությունները, որոնք ակնհայտորեն կորցրել են իրականության զգացողությունը: Բայց գուցե պետք է շնորհակալություն հայտնենք իշխանություններին, նման մարդասիրության համար` կարող էին ուղղակի սպանել մարդուն, որ քաղաքապետ չընտրվի: Այս դեպքում ուղղակի պատանդ են վերցրել: Օրենքի ու օրինականության վրա խաչ քաշելով` առեւանգել են եւ պահում են կալանավայրում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթն իր նախորդ համարում արդեն տեղեկացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, բոլոր գործիքներն օգտագործում են՝ ազդելու ավագանիների անդամների ու համայնքապետի թեկնածուների վրա այն համայնքներում, որտեղ առավել հավանական է ոչ իշխանական ուժի թեկնածուի ընտրությունը։ Այդպիսի համայնքների թվում է նաև Թալինը, որն այս օրերին իշխանություններն իսկական «մարտադաշտի» են վերածել։ Նախ՝ հիշեցնենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներից 3-ին են բերման ենթարկել: Իշխանությունները լուրջ «աշխատանքներ» են տարել քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի հետ, որն այս անգամ չի սատարել իշխող ուժին, թեպետ համարվում է ընդգծված «նիկոլական»։ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները նրան սպառնացել են, որ կկալանավորեն և կհանձնեն ՌԴ իրավապահներին, եթե չնպաստի, որ ընտրվի ՔՊ թեկնածուն: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջին մի քանի օրերին Թալինում են գտնվել իրավապահ համակարգի բազմաթիվ ուժեր, որպեսզի տարբեր անձանց վրա ճնշումներով տեղում «լուծեն» թալինյան թնջուկը, այն է՝ անպայման համայնքապետ դարձնել ՔՊ-ի թեկնածուին։ Երեկ էլ պարզվեց, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով վերստին ստանձնելու էր համայնքի ղեկավարի պաշտոնը: Մենք տեղեկություններ ունենք, որ քրեական գործեր են կարվելու մի շարք այլ անձանց նկատմամբ ևս: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը նորից անցել է իր սիրելի գործին՝ իրավապահների միջոցով «փակել» է տալիս բոլոր նրանց, ովքեր «խանգարում» են ՔՊ-ին՝ «զավթել» պետական բոլոր կառույցները: Ընդ որում, ինչպես միշտ, այդ ամենը արվում է՝ թքած ունենալով օրենքի ու օրինականության վրա, բացառապես մեկ անձի կամքով: Դե, իսկ այսպես կոչված, «իրավապաշտպանները», որոնք ժամանակին ամենաչնչին առիթից աշխարհացունց աղմուկ կբարձրացնեին, պարզապես անհետացել են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների օրակարգում Սյունիքի մարզպետի փոփոխության հարցն է դրված` Նիկոլ Փաշինյանն ուժեղ մարդու փնտրտուքի մեջ է, որը կկարողանա առաջիկա զարգացումներին ընդառաջ մարզը բռի մեջ հավաքել։ Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ այս լուրերն ընկել են նաեւ մարզպետի ականջը, ու Մելիքսեթ Պողոսյանը 12 օրով արձակուրդ է վերցրել՝ փորձելով ինչ-որ ժամանակ շառից-փորձանքից հեռու մնալ։ Ուշագրավ է, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխմարզպետներից Կարո Ավետիսյանին, չնայած, որպես կանոն, նրա արձակուրդ մեկնելու ժամանակ փոխարինող նշանակվում էր Նարեկ Բաբայանը, սակայն քանի որ Բաբայանը համարվում է իր գլխավոր մրցակիցը, այս անգամ նրան չի վստահել։ Մարզպետն արձակուրդում կլինի դեկտեմբերի 13-24-ը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, չնայած ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետեւում չէ: Այս իրավիճակում հարց է առաջանում քաղաքական իշխանությունը Գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան եւս փոխարինող գտնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման առթիվ կազմակերպված հավաքին մասնակցել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի կռվող տղերքը` մոտ 1000 մարդ, եւ իշխանության ներկայացուցիչներ։ Այս ՀԿ-ն ժամանակին հիմնադրել են ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, եւ Սասուն Միքայելյանը։ Հավաքի մասին հաղորդագրության մեջ ասված է, որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց»։ Դրա համար «կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներին»։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքական նոր միավոր ձեւավորել` ի դեմս Լեդի Հակոբի ՀԿ-ի եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության: Չի բացառվում, որ առաջիկայում «Ոգու փորձությունը» հայտարարի այդ կուսակցությանը միանալու մասին կամ որեւէ այլ ֆորմատով: Նպատակն այլընտրանքային ԵԿՄ ձեւավորելն է։ Այս նոր միավորի ճարտարապետը, ըստ որոշ տեղեկությունների, ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ու իր խնամի Խաչատուր Սուքիասյանն են: Նրանք են Լեդի Հակոբին համոզել, որ Հայաստանում խնդիրը դրված է այսպես՝ «եթե Նիկոլի հետ չես, ուրեմն Քոչարյանի հետ ես», իսկ Լեդին անհաղթահարելի նեգատիվ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ: Սուքիասյանն իր վրա է վերցրել կառույցի ֆինանսավորման հարցը։ Լեդիի առաջ խնդիր է դրվել՝ Սասունի «տակից հանել» կռվածներին, իշխանությունը նրանց սոցիալական որոշ հարցերը կլուծի եւ ըստ նպատակահարմարության կօգտագործի, ինչպես տարիներ շարունակ բոլոր իշխանություններն են վարվել ԵԿՄ-ի հետ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը բավարարել էր: Այս գործի հետ կապված՝ «Փաստին» մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով ոչ մեկ անգամ Մանուչարյանին առաջարկել են հրաժարական տալ, որպեսզի կարողանան ՏԻՄ-երի «զավթման» շրջանակներում Բերդում ևս պաշտոնակատար նշանակել իրենց ցանկալի անձին: Սակայն Հարություն Մանուչարյանը հրաժարվել է, ինչից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ օրեր առաջ որոշում է կայացվել նաև նրան կալանավորել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ են իշխանություններն ուղիղ տեքստով Մանուչարյանին առաջարկում հրաժարական տալ՝ խոստանալով այդ դեպքում ոչ միայն կալանավորման որոշումը փոխել, այլև նույնիսկ քրեական գործը կարճել: Մանուչարյանը, մեր տեղեկություններով, դարձյալ հրաժարվել է՝ նշելով, որ նախ՝ գործարքի չի գնում, և երկրորդ՝ համարում է, որ հարուցված քրեական գործը բացարձակ անհիմն է, ու ինքը մեղադրանքը չի ընդունում:«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս իրադարձությունները շատ մեծ դժգոհություններ են առաջացրել ոչ միայն Բերդի ավագանու անդամների, այլև բնակչության շրջանում, և չի բացառվում, որ առաջիկայում Բերդում լուրջ հուզումներ ու բողոքի ակցիաներ սկսվեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն այլեւս խորհրդարանում չի աշխատում: Ինչպես հայտնի է, Ստեփանյանը սեպտեմբերին աշխատանքի անցավ խորհրդարանում՝ զբաղեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականի հաստիքը: Մենք տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից նախօրեին: Իրականում Ալեն Սիմոնյանի այդ որոշումը պատահական չէ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում, որի շրջանակներում քննություն է ընթանում ԱԱԾ-ում, եւ նախաքննական մարմին են հրավիրվել դեպքին մասնակից իշխող ուժի պատգամավորները, նրանց օգնականները եւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները: Բանն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «Հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից: ԱԺ նախագահը դարձավ անխոցելի այս հարցում: ԱԺ-ում խոսվում է, որ «հեղափոխության պահապանը» առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունում նոր աշխատանք է ստանալու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է բոլոր տեսակի միջազային գործուղումները։ Ընդդիմադիր խմբակցությունն այդ քայլն իրենց պատգամավորի նկատմամբ իշխանության կողմից տարվող քաղաքական հետապնդմամբ է բացատրում։ «Բայց միջազգային կառույցից նեղանալն ի՞նչ է տալու»,- հարցրինք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ «Չեմ կարծում՝ նեղանալ-չնեղանալու խնդիր է, պարզապես «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելքի հարցը դժվարացել է, ու շատ պատգամավորներ, որ ներգավված են եղել այս կամ այն պատվիրակության կազմում, չեն կարողացել երկրից դուրս գալ: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված նրանց բոյկոտը»,- նշեց նա։ Իսկ ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ապա Թովմասյանը նշում է, որ իրենք շարունակելու են պատվիրակությունների կազմում աշխատանքը։ «Կհրաժարվենք բոլոր տեսակի այն ճամփորդություններից, որոնք ոչ թե դիվանագիտական, այլ տուրիստական նշանակություն ունեն։ Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում հաճախ խորհրդարանի հնարավորությունն օգտագործվում է այս կամ երկիր ճանապարհորդելու համար, մենք բոյկոտելու ենք նմանատիպ տուրիստական այցերը: Բայց եթե պատվիրակության կազմում հստակ ասելիք, անելիք կամ նպատակ ունենք, ապա ներկայացաված ենք լինելու բոլոր պատվիրակություններում»,- հավելեց պատգամավորը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, առավել ևս քաղաքական դաշտում ներգրավվածները, բացի իրենց ստանդարտ «գծից» ու մասնավորաբար հակառուսականության արշավից, այս օրերին նոր «ծրագիր» են կյանքի կոչում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք խնդիր ունեն բավական ակտիվ ներքաղաքական գործունեություն ծավալել՝ ըստ իշխանությունների քաղաքական կուրսի, և համապատասխան թեզեր գեներացնել։ Թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին բավականին ներկայացուցչական մի հավաք է կայացել, որի հիմնական թեմաներից են եղել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված քարոզչական անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։ Հատկապես վերջինս այս պահին օդ ու ջրի պես անհրաժեշտ է գործող իշխանություններին: Մենք ունենք նաև տեղեկություններ, որ նշյալ շրջանակների առջև խնդիր է դրված այս ընթացքում իշխանությունների նկատմամբ որոշակի «դոզայով» քննադատությամբ հանդես գալ: Նպատակն այն է, որ նախ՝ «չվառեն» իրենց ակնհայտ իշխանականությունը, երկրորդ՝ հնարավորինս «փակեն» ընդդիմադիր դաշտի որոշակի հատված»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ երեւանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին: Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան» սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, եւ հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»: Իսկ ահա «Նոր Զովք» -ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այս պահին իրենք կոնկրետ որոշում դեռ չունեն: Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն, արգելքի մասին ծանուցվել է: «Գուցե փոփոխություն լինի, եւ առաջիկայում մեր սուպերմարկետը եւս իր հաճախորդներին առաջարկի թղթե կամ կտորե տոպրակներ»,- փոխանցեցին «Նոր Զովք»-ից: Ի դեպ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել»: