VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար փորձում են նոր զբաղմունք գտնել։ Արտահերթ ընտրություններից հետո նա գործադիրում եւ օրենսդիրում պաշտոն չստացավ, սակայն իշխանությունները ելքեր են գտնում՝ նրան «յուղոտ» զբաղմունք գտնելու համար: Կառավարության նախորդ նիստում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, որի խորհրդի նախագահը հենց Տիգրան Ավինյանն է, եւ նա լինելու է կառավարության ներկայացուցիչը կոմբինատում: Սրանից զատ Ավինյանը փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել: Չի բացառվում, որ կառավարությունում մի նոր կառույց ստեղծվի, որը կզբաղվի Երեւան քաղաքի հարցերով եւ կղեկավարվի հենց Ավինյանի կողմից, սակայն նախկին փոխվարչապետը ցանկանում է պաշտոն ստանալ նաեւ հենց քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականի մակարդակով։ Նկատենք, որ չնայած Երեւանում նոր քաղաքապետ կա, բայց փաստացի կառավարում գոյություն չունի: Ինչո՞ւ. որովհետեւ, բացի այս երկու ֆիգուրներից, քաղաքի կառավարմանը խառնվում է նաեւ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը` առողջապահական հատվածով: Մյուս կողմից՝ ավագանու ՔՊ խմբակցությունն է փորձում կորցրած դիրքերը քաղաքի կառավարման գործում հետ բերել: Եւ, իհարկե, գլխավոր ֆիգուրը մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ստացվում է, որ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետի լիազորությունների են ձգտում Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը եւ ՔՊ մեծուփոքր ավագանիները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։ Մասնավորապես, «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը հենց Բաբայանին է տեսնում։ Բացի այն հանգամանքից, որ իր հայտարարություններով և արարքներով Փաշինյանն արդեն մեծ վնաս է հասցրել Արցախին, Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին անպաշտոն չթողնելու և իրենց մատուցած ծառայությունները պատշաճ փոխհատուցելու համար որոշել են նրան նորից «տեղավորել» Արցախում։ Թերթի տեղեկություններով, Արցախում այս լուրը բավական տհաճությամբ են ընդունել և գոնե առայժմ դիմադրում են ՀՀ իշխանությունների կամայականություններին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը իշխանությանը ձեռնտու է այնքանով, որ մանդատները դնելուց հետո ՔՊ-ականներն ամենատարբեր պատրվակներով ու օրենսդրական մտացածին դրույթներով կարող են ձգձգել նոր ընտրությունների կազմակերպումը, ու գործադիրը քաղաքապետի պարտականությունները կատարողի կնշանակի։ «Ես նման սցենարի մասին տեղյակ չեմ, բայց ոչ մի բան բացառված չէ։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչով կավարտվեն դատական գործընթացները, կամ ավագանու նիստերի ժամանակ ինչ համագործակցություն, գործընթացներ կլինեն։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց պետք է այնպես անել, որ քաղաքի կառավարումը չտուժի»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Իշխանություններին, փաստորեն, ձեռնտու է անգամ ԺՊ-ի տարբերակը, միայն թե հանրապետության երրորդ քաղաքի կառավարումը ձեռքներից չգցեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են նաև ներհայաստանյան քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Բնականաբար, հնչում են ամենատարբեր գնահատականներ՝ հատկապես կապված ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու և այդ հարցում Հայաստանի ղեկավարության որոշումների և քայլերի հետ: Սակայն այստեղ ոչ պակաս էական է իշխանական և մերձիշխանական ուժերի ներկայացուցիչների պահվածքը: Նախ՝ պետք է արձանագրել, որ նշյալ իրադարձություններին բավական ակտիվ ու զգայուն արձագանք տվեցին հատկապես, այսպես կոչված, «արևմտյան» ՀԿ-ներն ու քաղաքական դաշտի արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք գրեթե բոլորն էլ անթաքույց «նիկոլամերձ» են։ Ուշագրավ է, որ այդ շրջանակները ավելի հանգիստ ընդունեցին պատերազմը, կապիտուլյացիան, հսկայական տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, սակայն մեծ աղմուկ բարձրացրեցին ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի իշխանության դիրքորոշման հետ կապված, քանի որ հիանալի առիթ էր ստեղծվել հակառուսական և հակաՀԱՊԿ-ական հիստերիայի նոր ալիք ապահովելու համար։ Մյուս կողմից՝ շատ հետաքրքրական է, եթե չասենք՝ խորհրդանշական, նույն այդ շրջանակների որոշ ներկայացուցիչների ցավագին արձագանքը այն կարծիքների հետ կապված, թե Ղազախստանում կատարվածում առկա են թուրքական հետք և պանթուրքիստական ծրագրի տարրեր։ Ստացվում է՝ Հայաստանում կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք խիստ վիրավորվել են նման պնդումներից, ավելին՝ նրանցից ոմանք անգամ պահանջում են ապացույցներ և փաստեր՝ կատարվածի մեջ թուրանական հետք ցույց տալու համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է» ,Գործող իշխանությունները շարունակում են անընդհատ երկիրը մտցնել նորանոր վարկերի տակ: 2021 թվականի ընթացքում մեր երկրի պետական պարտքն ավելացավ ևս 1,2 մլրդ դոլարով. այն արդեն գերազանցում է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը: Մասնագետների համոզմամբ, 2022 թվականին էլ է Փաշինյանի կառավարությունը գնալու նոր ճանապարհով: Եվ ահա, օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։ Շրջանառվող տեղեկության համաձայն, նոր վարկի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սա, ինչպես ասում են, «դեռ միայն ծաղիկներն են», և ՀՀ տնտեսական վատթարագույն վիճակով պայմանավորված՝ առաջիկայում լինելու են նոր վարկային պայմանագրեր, քանի որ տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանին պետք կլինեն գումարային նոր ներարկումներ, հակառակ դեպքում շուտով չի կարողանա վճարել նույնիսկ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը մտադիր էր համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ Ավելին՝ Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագծով շեշտված էր Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը, եւ ընդգծվում էր՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»։ Թեեւ վիճակագրություն չէր նշվում, ու հայտնի չէր, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվեր համաներումը, բայց նախագծում նշվում էր, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում ավելի քան 1600 քրգործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ վերջին համաներումը տեղի է ունեցել 2018 թվականին, որը հայտարարվեց Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ այն ժամանակ համաներվեց ավելի քան 4 հազար 600 մարդ, իսկ հիմա համաներման գործընթացը դադարեցվել է, ընդ որում՝ անորոշ ժամանակով. ինչու, ում հրահանգով, քազաքական ինչ նպատակով՝ պարզ չէ: Ընդ որում նկատենք՝ պատերազմի մասնակիցները ոչ թե չարամտորեն խուսափել են, այլ շատ դեպքերում ուղղակի փախել, փրկվել են անօդաչու թռչող սարքերից, եւ հիմա նրանց դատելը, այդքան էլ արդար չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ: Օրինակ՝ շաքարավազի գինը 2.2 տոկոսով է բարձրացել, իսկ կաթնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.6 տոկոս: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը. այս շուկայում պաշտոնապես գնաճը կազմել է 1.6 տոկոս: Ալյուրի գինը բարձրացել է 1.5 տոկոսով, իսկ մակարոնեղենինը՝ 2.7 տոկոսով, բրնձինը՝ 2.9 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձվի գինը 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 12.7 տոկոսով: Այս թանկացումների ֆոնին ՀՀ կառավարությունը խոստումներ է տալիս, որ այս տարի ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացել են թոշակներն ու նպաստները, նվազել է եկամտահարկը։ Իշխանությունը, սակայն, մոռանում է թանկացումների մասին. հունվարի 1-ից մեր հանրապետությունում բարձրացել է գույքահարկը, դարձյալ կթանկանա ներմուծվող ու արտադրվող սննդամթերքը, այդ թվում` ի հաշիվ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի բարձրացման։ Ջրի գնի բարձրացման ու փետրվարի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման մասին ուղղակի լռում ենք: Դե արի ու 3000 դրամ ավելացած թոշակով կոմունալ վարձ վճարիր կամ սնունդ առ ու ապրիր»: