«Զանգեզուրի միջանցքը» («Թյուրքական դարպաս», «Թուրանական միջանցք», «Նախիջևանի միջանցք») թուրք-ադրբեջանական ռազմավարական նախագիծ է, որի իրականացման չեզոքացումն առնվազն Հայաստանից հնարավորինս պլանավորված, մանրակրկիտ կերպով հաշվարկված ամենօրյա աշխատանք է պահանջում երկարաժամկետ կտրվածքով։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը: "Մարտավարական տեսանկյունից Երևանի խնդիրը կարելի դիտարկել առնվազն երկու շերտում՝ 1. հնարավորինս չեզոքացնել Ադրբեջանի համակողմանի և տարաբնույթ ճնշումների հնարավորությունը, 2. ապահովել արտաքին գործընկերների առավել լայն համախոհություն։ «Միջանցքի» նախագիծն ու դրա կենսագործմանը միտված քաղաքականությունն իրենցից ներկայացնում են բազմաշերտ բանաձևումների բարդ համակարգ, որում Բաքվի և Անկարայի կողմից իրականացվել է հստակ դերաբաշխում։ Վերոնշյալի տեսանկյունից Ադրբեջանի դերակատարումն առայժմ սահմանափակվում է Հայաստանին «միջանցքը» պարտադրելու ուղեգծի տիրույթում։Թուրքիայի խնդիրն ավելի բարձր «կալիբրի»՝ տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարների հետ «բազառ-սակարկությունների» մակարդակում է։Առայժմ երկու հարթությունում էլ հաջողվում է կասեցնել քննարկվող նախագծի իրականացումը, բայց այս ուղղությամբ բազմաշերտ աշխատանքների տրամաբանությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ համարժեք «Զանգեզուրի միջանցքի» նույն՝ ռազմավարական բնույթին",- գրել է Պետրոսյանը Facebook-ի իր էջում։