VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթներ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի գաղտնի ռեժիմով փակ քննարկման ժամանակ պատգամավորներին վստահեցրել էր, որ Հայաստան բերված մեկ տոննա կոկաինի գործով կասկածյալ Միհրան Պողոսյանին հաստատ ՌԴ իշխանությունները հանձնելու են Հայաստանին։ ԴԱՀԿ նախկին պետը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը «հեղափոխությունից» հետո, քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ապաստանել է ՌԴ-ում։ Հայտնի է, որ ՌԴ-ն չի արտահանձնում իր հարկի տակ ապաստանած Գեւորգ Կոստանյանին, Միքայել Հարությունյանին, Միքայել Մինասյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ այլոց։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ իրավապահների հետ բանակցություններ են գնում՝ Հայաստանում վերջերս ձերբակալված քրեական հայտնի հեղինակություններից մեկին Պողոսյանի հետ փոխանակելու շուրջ։ Ձերբակալվածի ինքնությունը մեզ չհաջողվեց պարզել, նա ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, բայց Ռուսաստանի համար անչափ կարեւոր է նրան ստանալը, ուստի չի բացառվում, որ փոխանակումը տեղի ունենա»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ։ Նա իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչեւ զոհվածների ծնողների, մտավորականների եւ այլոց։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի այս նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում, քանի որ պետության ղեկավարը բավականին սեւ գույներով է ներկայացնում ներկա վիճակը, առավել մշուշոտ՝ ապագան, որ Արցախում մնալը շատերի համար դառնում է անիմաստ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկին իշխանությունների դեմ կատաղի պայքար ծավալող, ապօրինի ծագման գույքի վերադարձի համար իրավական պրոցեսներ տանող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր թիմը համալրում է նախկինների ընտանիքների անդամներով: Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա համակարգում նոր չէ, երկար տարիներ աշխատել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, որից հետո նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ, իսկ, ահա, հիմա էլ գլխավոր դատախազի տեղակալն է: Տեղեկացանք, որ դատախազի տեղակալ Գրիգորյանի ամուսինը Գեւորգ Մարգարյանն է, որը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, եւ, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից: Մարգարյանը ազատումից հետո հանդիպել էր լրագրողների հետ եւ հայտարարել. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (ի դեպ, «Առավոտին» տրված հարցազրույցում)։ Նա նշել էր տեղակալի անունը՝ Գագիկ Ջհանգիրյան։ Այդ հայտարարությունն այդպես էլ իրավական ընթացք չունեցավ, միայն հայտնի է, որ Գեւորգ Մարգարյանն իր պաշտոնանկությունից հետո հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանդիպման նպատակի եւ զրույցի մասին մինչ օրս չի հանրայնացել ոչինչ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է գնել։ Կոնջորյանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացանք, որ նա մեքենան գնել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին 9 մլն դրամով։ Մինչ այդ պատգամավորն ուներ Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը հոկտեմբերի 1-ին վաճառել է 3 մլն դրամով։ Հետաքրքիր է, որ Հայկ Կոնջորյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարեկան կազմել է 7 մլն 868 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն իսկական փորձություն եւ գլխացավանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն: Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը հաստատեց նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պարզաբանելով. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»: Աղազարյանը բացատրեց, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»: Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում: Իսկ իրականում պարզ է, որ, բացի «Տիկ-Տոկ»-ից, Նիկոլ Փաշինյանը չի վստահում սեփական թիմին, եւ իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնցով նախաքննական մարմինը առաջիկայում որոշումներ է կայացնելու: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ շատ վարույթներ կկարճվեն, քանի որ 3 տարի անց նախաքննական մարմինը հիմնավոր ապացույցներ չգտավ մեղադրյալների մասով, որ գործը ուղարկի դատարան: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երեւանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։ Այս գործով որոշ քաղաքացիներ ազատազրկման դատապարտվեցին, իսկ շատերի մասով ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է, եւ նախաքննական մարմինը նրանց մեծ մասի մասով գործը կկարճի, քանի որ ապացույցները բավականին թույլ են. խմբով ծեծել են, բայց կոնկրետ ով՝ պարզել չի հաջողվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022-ին ՀՀ-ում կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել է 531 կմ ճանապարհ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այս տարի՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ։ Այս ցուցանիշը զիջում է 2021 թվականին արձանագրված ցուցանիշին։ «Եթե ընդհանուր պատկերը տանք հիմնանորոգումների, միջին նորոգումների այլ նշանակության ճանապարհների մասով, ապա պատկերը հետեւյալն է. ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել, որը բավական լավ ցուցանիշ է: Մյուս կողմից՝ եթե մենք միավորենք սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները (այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման եւ սալիկապատման գործընթաց), ապա բոլորը միասին կունենանք 750 կմ»,-ասել էր Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30 -ի կառավարության նիստի ժամակակ։ Նկատենք, որ 2018-ի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունները մշտապես խոսում էին ճանապարհաշինական աշխատանքների մասին եւ հայտարարում, թե Հայաստանն իր պատմության մեջ այսքան ճանապարհ չի նորոգել: Անգամ իրենց խոստումներն ու աշխատանքի շարունակականություն չեն կարողանում ապահովել: Տեսնում ենք, որ, նախորդ տարվա համեմատ, թվի նվազում ունենք։
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։ Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին, սակայն մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր հյուրերին, որոնք մոտ 900 հոգի են եղել, որից հետո միայն ռեստորան է ժամանել Փաշինյանը։ ՔՊ-ական գրեթե ողջ կարկառուն կազմը ներկա է գտնվել, հարսանիքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Խմել են Հայաստանի Հանրապետության կենացը, որի ժամանակ ՔՊ-ականները մի մարդու պես, հերթով-շարքով մոտեցել եւ վարչապետի հետ բաժակ են «խփել»։ Փեսացուի հայրը՝ Արշակ Օրդուխանյանը, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի ղեկավարն է, խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր ՔՊ-ի նախընտրական ցուցակում: Հարսնացուի հայրն էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանն է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կադրն ու մտերիմը։
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս անց շահառուն զրկվում է ամենամսյա 40 հազարական դրամ աջակցությունից, քանի որ համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան այլեւս տան վարձի համար աջակցության գումար պետք չէ։ Արցախի կառավարությունում մեր աղբյուրը վստահեցնում է, որ այս կարգն առաջիկայում փոխվելու է։ «Այս պահի դրությամբ շրջանառվում է որոշման նախագիծ, ՀՀ սոցապնախարարության առաջարկով նաեւ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո անձը շարունակում է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածքներ ձեռք բերեն։ Նաեւ բանկերում կմեղմացնեն պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը՝ Արցախի կառավարությունում։ Տեղահանվածներին բնակարաններով ապահովելու երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է զոհված անձ ունեցող տեղահանված ընտանիքներին բնակտարածքով ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Հայբիզնեսբանկը, որն այս ծրագրով կառավարության գործընկերն է, գրություն է ուղարկել Արցախի կառավարություն, որով պահանջել է հետաձգել ծրագիրը եւ պայմանագրերում որոշ փոփոխություններ իրականացնել։ Մինչ օրս զոհված անձանց տեղահանված ընտանիքներից մոտ 70-ն արդեն գնել է բնակարաններ, սակայն 60-ին մոտ ընտանիք դեռ չի իրացրել սերտիֆիկատները։ Մոտ 10-15 ընտանիքի հետ կապված էլ խնդրահարույց իրավիճակ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 6-ին թմրանյութի հետ կապված մի առավել լուրջ սկանդալ տեղի ունեցավ, քան, կարելի է ասել, մասնավոր հիմնարկում հայտնաբերված կոկաինի սկանդալն էր․ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, որի մեքենայում եղել էր մոտ 240 պարկ թմրանյութ: Նա, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխելիս է եղել Երեւան: Թմրանյութ տեղափոխողը՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, իսկ ընկերը՝ Աճարկուտ գյուղի նախկին գյուղապետի որդին։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզում՝ որդիների ընկերությունն այնտեղից է գալիս։ ԱԱԾ պաշտոնյայի որդին կալանավորվել է։ Գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պատասխանել հետեւյալ հարցերին․ Խաչատուր Կոստանդյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում, թե՞ ազատվել է աշխատանքից։ Եթե ազատվել է՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ կարգավիճակ ունի։ ԱԱԾ-ում ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ դեպքի հետ կապված։ Հնարավո՞ր է, որ Կոստանդյանի թույլտվությամբ, օժանդակությամբ, նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով է որդին նման արարք կատարել։ ԱԱԾ-ից, սակայն, այս հարցերից որեւէ մեկին չեն պատասխանել՝ գրավոր հայտնելով․ «ՀՀ Ազգային անվտանգության տնօրենին հասցեագրած Ձեր 08.06․2023 թ․ հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ուստի այլ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։ Փաստորեն, ԱԱԾ-ն չպատասխանելով՝ հաստատել է այս տեղեկությունը, սակայն անհարմար է զգացել գոնե ասել՝ պաշտոնյան շարունակո՞ւմ է աշխատել համակարգում, թե՞ ոչ»:
«Հրապարակ» թերթը գրում է.«Քաղպայմանագիր» խմբակցությունը նախօրեին՝ հերթական նստաշրջանից առաջ խմբակցության նիստ է անցկացրել, որն ընթացել է լարված մթնոլորտում։ ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը, ըստ մեր աղբյուրների, մի տրագիկ ներկայացում է բեմադրել իր բազմաչարչար եւ հանրահռչակ նախագծի հարցով եւ ծանր է տարել, որ իր լուսավոր գաղափարը ՔՊ-ում մերժվել է, եւ կոնսենսուսային որոշում է կայացվել։ Հիշեցնենք․ խոսքը Գեւորգ Պապոյանի այն նախագծի մասին է, որով առաջարկում է օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին։ Մենք քանիցս անդրադարձել ենք այս նախագծին, ներկայացրել փակ քննարկումներից մանրամասներ, որոնք փաստում են՝ անգամ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ Պապոյանը վերեւների «դաբրոյով» փորձում է կառուցապատման ոլորտում մենաշնորհ հաստատել եւ մանր ու միջին ընկերություններին մաքրել դաշտից։ Բանն այն է, որ նախագիծը շաբաթներ առաջ առաջին ընթերցում է անցել խորհրդարանում, սակայն դժգոհությունները, հատկապես կառուցապատողների կողմից, շատ մեծ են։ Երկուշաբթի օրը Պապոյանը հրավիրել էր կառավարության անդամներին, մասնավորապես՝ փոխվարչապետերին, ԿԲ ներկայացուցչին, որպեսզի հերթական քառօրյայից առաջ վերջնական որոշում կայացնեն, եւ նախագիծը ներկայացվի երկրորդ ընթերցման։ Սակայն հանդիպումը չի կայացել, կառավարությունից փոխանցել են, որ իրենց մոտ մասնագետների լայն շրջանակի հետ պետք է քննարկեն այն, նվազագույնի հասցնեն բոլոր ռիսկերը։ Փոխանցել են նաեւ, որ լավագույն դեպքում նախագիծը կընդունվի այն տեսքով, որպեսզի բանկը կառուցապատողին հիպոթեքային վարկի գումարը փոխանցի 50/50 սկզբունքով, մինչդեռ Պապոյանն առաջարկում էր, որ ոչ մի լումա էլ չփոխանցեն, քանի դեռ շենքը չի հանձնվել շահառուին։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է կառավարության տեսակետը, որին հաջորդել է Պապոյանի նյարդային արձագանքը, որ այդպիսով խախտվում է իր գաղափարի ողջ տրամաբանությունը»: