28.09.2024
Սիրիայից դուրս գալը Ռուսաստանի «ելքի ստրատեգիան է». փորձագետներ
19.03.2016
Սիրիայից դուրս գալը Ռուսաստանի «ելքի ստրատեգիան է». փորձագետներ

Սիրայից ՌԴ Զինուժի դուրս բերումը «ելքի ստրատեգիա է», քանի որ ՌԴ-ն դուրս է գալիս ոչ թե Սիրիայի, այլ իր և այդ երկրների շուրջ ստեղծված իրավիճակից: «Մեդիա կենտրոնում» փետրվարի 18-ին կայացած քննարկմանը հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ռուսաստանն ուներ երեք նպատակ: Առաջինը՝ արևմտյան երկրների հետ համագործակցության մակարդակի բարձրացումն էր: Եթե անցյալ տարի չէին ուզում ՌԴ-ի հետ հաշվի նստել, ապա այժմ նրա հետ խոսում են: Դա տեղի ունեցավ սկզբից Ղրիմում, հետո՝ Սիրիայում: Մոսկվան այս կերպ հասկացրեց, որ ունի շահեր, որոնք պետք է հաշվի առնել, իսկ եթե հաշվի չեն առնում, ապա նա կտրուկ քայլեր կանի», - ասաց նա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 15-ին ռուսական զինված ուժերը Սիրիայից դուրս բերելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Նա հույս էր հայտնել, որ ռուսական զորքերի դուրսբերումը լավ խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջեւ բանակցային գործընթացի համար: Միեւնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Սիրիայում ՌԴ երկու հենակետերը՝ ծովային Թարթուսը եւ օդային Հմեյմիմը պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ պաշտպանված լինելով ցամաքից, օդից եւ ծովից: Պուտինի խոսքով՝ Սիրայում մնացած զինվորական խմբավորման մի մասը զբաղվելու է հրադադարի ռեժիմի վերահսկմամբ: Անդրադառնալով Ուրաինայում իրավիճակին՝ Իսկանդարյանը նշեց, որ այն երկրորդ պլան մղվեց Մերձավորարևելյան իրադարձությունների ֆոնին: «ՌԴ-ն ինչ-որ չափով դուրս եկավ նաև այս իրավիճակից: Մյուս նպատակը Սիրան էր և Ասադի շուրջ վիճակը: Այժմ Ասադը դարձել է ներսիրիական կարգավորման մասը: Եվ Ասադի հեռացման մասին ավելի քիչ են խոսում: Վերջապես ՌԴ-ն դուրս չի եկել Սիրիայից, քանի որ կան Հմեյմիմի, Լաթաքիայի և Տարտոսի բազաները: Նրանք բավականին ուժեղ ամրացված են: Այսինքն՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն կարող է հաշված օրերի ընթացքում իր ուժերը մեծացնել և դիսլոկացնել այնտեղ», - կարծում է փորձագետը: Ռուսաստանի հիմնական ուժերի դուրս բերումը Սիրայից, ըստ քննարկմանը մասնակից դիվանագետ Արման Նավասրդյանի, հանկարծակի էր, բայց ոչ անսպասելի: «Ի սկզբանե ասվում էր, որ ՌԴ ուժերը այնտեղ մնալու հավերժ խնդիր չունեն: Սիրայում վիճակը շիկացավ, գերտերությունները հասան կարմիր գծին և հասկացան, որ խնդիրների լուծում է պետք տալ: Սա Մոսկվայի համար բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացի մի մասն է, այլ ոչ թե Ասադին օգնելու խնդիր: ՌԴ-ն կարողացավ ռազմական գործողություները դնել դիվանագիտական հարթության վրա: Այժմ Ասադը դարձավ բանակցային կողմ, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ սիրիական գործողության արդյունքում ՌԴ-ն դարձավ գլոբալ հարթությունում մեծ խաղացողներից մեկը: «Սա նաև ռազմական ուժի ցուցադրման և փորձարկման դաշտ էր, և ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչ արդիական զինատեսակներ ունի», - նշեց նախկին դիվանագետը: Սիրիական պատերազմի հարթակը լքելու Կրեմլի քայլում Նավասարդյանը տեսնում է նաև ներքաղաքական համատեքստ: «Կան ներքին խնդիրներ՝ տնտեսական և սոցիալական: Բացի այդ ՌԴ-ում առկա է 20 մլն-ոց սունիական մուսուլմանական համայնք, որը կարող էր գործել: Կարծես պահը ճիշտ էր ընտրված: ՌԴ-ի դուրս գալը կարևոր է և Թուրքիայի հետ փոխհարաբերություններում: Վերջին շրջանում, թեպետ թեթև, սակայն նկատվում է, որ ռուս-թուրքական հռետորաբանությունը փափկել է», - հավելեց նա: Ռուս-թուրքական հարաբերությունների կարևոր ինդիկատորներից կլինի նաև ապագայում Ռուսասատնի վերաբերմունքը քրդական խնդրին, հավելեցին բանախոսները: Ռուսաստանի ռեսուսների սակավության խնդիրը բարձրացրեց նաև Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ թեպետ սիրիական պատերազմի վրա մեծ փողեր չեն ծախսվել, այնուամենայնիվ Մոսկվային դժվար է միևնույն ժամանակ պատերազմել Սիրայում, հակամարտել Ուկրաինայի հետ, «մարսել Ղրիմը» և դիմակայել պատժամիջոցներին: «ՌԴ-ն ակտիվ ռազմական գործողություններից դուրս եկավ, քանի որ չկարողացավ լուծել իր առջև դևած նպատակները: Ռուսական ռազմական արշավն ուժեղացրեց Ասադին, սակայն չկարողացավ լուծել այն խնդիրը, որ այն միակ լեգիտիմ իշխանությունն է Սիրիայում: Այժմ Մոսկվան ընդունում է հակամարտության նաև մյուս կողմերին՝ չափավոր ընդդիմություն, քրդական գործոն և այլն: Ռուսաստանը չկարողացավ լուծել նաև ուկրաինական ճգնաժամի համատեքստում իր դեմ կիրառած պատժամիջոցների հարցը», - ասաց Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ Սիրիայում պատերազմի մեջ մտնելով Մոսկվան դուրս եկավ հետխորհրդային տարածաշրջանից և դարձավ գլոբալ խաղի մաս: «Այժմ ՌԴ-ն Ժենեվյան գործընթացի մասն է», - հավելեց նա: Անդրադառնալով հակամարտության քաղաքական և տնտեսական բաղադրիչներին, Ալեքսանդր Իսկանդարյանը հակադարձեց, որ սիրիական պատերազմի համար մեծ ծախսեր չպահանջվեցին: «500 միլիոնից մոտ մեկ մլրդ դոլար, որը պատերազմի համար մեծ ծախս չէ: Սա ամենաէժան պատերազմներից էր: Մի բան էլ, Ռուսաստանն իր առջև ամբողջ Սիրիայի տարածքում Ասադի իշխանության վերականգման խնդիր չէր դրել ու չէր էլ կարող դնել: Ռուսաստանի պետական ապարատում չեմ կարծում, որ կլինիկական ապուշներ կան», - ասաց փորձագետը: Քննարկման ավատին բանախոսները նշեցին, որ Հայաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ պետք է լինի «շատ ռացիոնալ ու բխի իր շահերից»: «Պետք չէ շատ ոգևորվել կամ հիասթափվել: Պետք է ուղղակի ռացիոնալ զգուշավորություն», - ասաց Արման Նավասարդյանը՝ հավելելով, սիրիահայ համայնքի խնդիրների կարգավորումը պայմնավորված է Սիրայի՝ որպես պետության, հետագա ճակատագրից: «Թե ինչպիսին կլինի Սիրիան ապագայում՝ կմասնատվի տարբեր փոքր պետությունների, թե կձևավորվի որպես ֆեդերալ միություն, պարզ կլինի ապագայում», - եզրափակեց նա: