Առաջիկա 3 ամիսներին ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը ծայրաստիճան անորոշ է լինելու
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային որոշ զարգացումներ, որոնք առնվազն մտահոգիչ են Հայաստանի տեսանկյունից.
"1. Հունիսի 1-ին Քիշնևում ԵՔՀ շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների հանդիպման արդյունքում չարձանագրվեց էական պայմանավորվածություն Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։
2. Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Հնարավոր է՝ Բաքուն միտումնավոր կերպով բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի։
3. Հունիսի-8-ին հեռախոսազրույց է կայացել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որի ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից, քննարկվել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Վերջին շրջանում էականորեն թուլացել է Թեհրանի հրապարակային արձագանքը Բաքվի տարածաշրջանային սադրիչ քաղաքականության վերաբերյալ, որը մտահոգիչ է։
4. Անցած օրերին Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր կապուղիների իրավական կարգավորումների վերաբերյալ «հռետորաբանական փոխհրաձգություն» է տեղի ունեցել Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան տարբեր մակարդակներում, որոնցում ուրվագծվում է Բաքու-Մոսկվա որոշակի համախոհություն՝ ընդդեմ Երևանի։
5. Բաքուն սրել է վերջնագրային հռետորաբանությունն Արցախի հիմնախնդրի թեմայով, ինչպես նաև անզիջում և ապակառուցողականանորեն է դիրքավորվել Ադրբեջան-Հայաստան սահմանազատման գործընթացում։
6. Բաքուն նպատակային կերպով պարբերական ռազմական լարվածություն է ապահովում Արցախի և Հայաստանի հետ շփման գծում։
7. Հունիսի 12-ին պետական այցով Բաքու է ժամանել ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանի գլխավորած պատկառելի կազմով պատվիրակությունը։ Բանակցությունների ընթացքում, վստահաբար, քննարկվելու են նաև երկկողմ օրակարգի՝ Հայաստանին վերաբերող մի շարք կարևոր թեմաներ՝ բնականաբար հակահայկական դիրքերից։
Վերոնշյալի համատեքստում, ինչպես նաև հավելյալ Ռուսաստան-Ուկրաինա հակմարտային գոտում, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում արձանագրվող լարվածությունների ֆոնին առնվազն առաջիկա 3 ամիսներին Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը ծայրաստիճան անորոշ է լինելու՝ հղի լրջագույն մարտահրավերներով։
Ստեղծված իրողությունների պայմաններում հայկական կողմերի հնարավորություններն էլ խիստ սահմանափակ են՝ առավելագույն զգոնություն ապահովել Ադրբեջանի հետ սահմանին, միջազգային հանրության՝ հատկապես ԱՄՆ-ի ուշադրությունը հնարավորինս բևեռել տարածաշրջանային իրավիճակի վրա",-գրել է Պետրոսյանը։