VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկվա օրը հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի շնորհավորական զեղումներով առ Ռուսաստան, ՌԴ նախագահ Պուտին և վարչապետ Միշուստին: Սա, իհարկե, ձեզ համար Էրդողանին բոլորից արագ ու առաջանցիկ շնորհավորել չէ: Այստեղ ավելի շատ «պալիծիկա» կա, չհաշված բացահայտ շողոմ-շողոքորթական պոզան, որ ուղղակի աչք է ծակում հիշատակված պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներից: Նիկոլ Փաշինյանը նոր սիրելի արտահայտություն ունի՝ «առաջանցիկ զարգացումներ», որ գործածել է թե՛ Պուտինին, թե՛ Միշուստինին հասցեագրված շնորհավորական ուղերձներում: Այսպես, Վ. Պուտինին ուղղված շնորհավորանքում Ն.Փաշինյանը գրում է. «Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը»: Իսկ Մ. Միշուստինին ուղղված տարբերակում նշում է. «Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը...»:
Այդպես էլ ուզում ես հարցնել, թե այս շնորհավորական ճառագիրը «ուրիշ հերոսի անուն» չգիտի՞, թե՞ հենց միայն «առաջանցիկ զարգացում» է լսել: Չէ, հասկանալի է, իհարկե, որ Ռուսաստանում պաշտոնապես տոն է, ինքն էլ պաշտոնապես, ուզած-չուզած շնորհավորել է: Այսպես ասած՝ «դիվանագիտություն է անում»: Բայց, համաձայնեք, ձևակերպումները բավական ուշագրավ են: Առանձնապես զավեշտական է հնչում ու պամֆլետային նախադասության տպավորություն է թողնում հատկապես Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի»: Դե, իհարկե, որակական այնպիսի՜ մակարդակի են հասել, հատկապես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այս 4-5 տարում, որ էլ ասելու չէ: Նա և իր քաղաքական թիմը այն աստիճան են փչացրել հայռուսական հարաբերությունները, այն կարգի ցածր աստիճանի են հասցրել, որից հետո մնում է միայն բարեկամության պայմանագիրը խզելը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը, բացահայտ աջակիցները Ռուսաստանը նշում են որպես Հայաստանի թշնամի, վնասատու և խոսում... «առաջանցիկ զարգացումների» մասին: Դե, սա նույնիսկ արդեն զվարճալի էլ չէ...
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկում է հերթական եռօրյա կամ քառօրյա նստաշրջանը, որը սովորականից թեժ է լինելու։ Նիստերի օրակարգում 27 հարց է, որոնցից մեկն ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածուի ընտրության հարցն է, մյուսը՝ անցած տարվա բյուջեի կատարողականը: Վերջին հարցի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի օրը, իսկ սա նշանակում է, որ մի քանի օր խորհրդարանում են լինելու կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ընդդիմադիր «Հայաստան» ֆրակցիայից տեղեկացանք, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա որոշում ունեն՝ մասնակցել Փաշինյանի ներկայությամբ նիստերին, ավելին՝ կոշտ մարտավարություն են մշակել, երեկ մի քանի ժամ նաեւ ՔՊ-ում են խմբակցության նիստ արել եւ դերաբաշխում կատարել՝ ով ինչ ելույթ պիտի ունենա, ինչ հարց տա կառավարության անդամներին եւ ղեկավարին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուները վաղաժամ քարոզարշավ են սկսել՝ ակցիաներ, ասուլիսներ, միջոցառումներ են կազմակերպում, հարցազրույցներ տալիս։ Եվ չնայած ընտրություններին դեռ երեք ամսից ավելի ժամանակ կա, սակայն թեկնածու ուժերն արդեն նաեւ շտաբներ են բացում` Երեւանով մեկ։ Ամենից ակտիվը կարծես «Ապրելու երկիր» կուսակցությունն է, բայց իշխող ՔՊ-ն էլ հետ չի մնում` սկսել է ընտրական շտաբներ վարձակալել: Մեր տեղեկություններով` Երեւան քաղաքում արդեն իսկ 60 ընտրական շտաբի տարածք է վերցվել կամ նախատեսվել: Նկատենք, որ 60 ընտրական շտաբը քաղաքապետի ընտրության պատմության մեջ բացառիկ է, քանի որ մեկ կուսակցության կտրվածքով երբեք շտաբների թիվը չի գերազանցել 30-ը: Ուղղակի մասնակիցների ուղեղում մեխված է, որ ինչքան շատ շտաբ՝ այնքան մեծ վստահություն, եւ շտաբների քանակը հզորության, ազդեցիկության ու ապագա հաղթանակի խորհրդանիշ է։ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանից հետաքրքրվեցինք` քանի՞ շտաբ է ՔՊ-ն վարձակալել կենտրոնում, Ղուկասյանն ասաց. «Դեռեւս մենք ոչ մի բան չենք արել, եթե անելու լինենք, պարոն Ավինյանը կհայտարարի, դեռեւս ժամանակը չէ, երբ հրահանգ ստանանք, այդ ժամանակ էլ կանենք»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ԲԿՄԱ՝ Բանակային կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր հրապարակում էր արել՝ խնդրելով օգտատերերին օգնել իրեն՝ գտնելու արագ կառուցվող տնակ: Նա նաեւ լուսանկար էր տեղադրել: Լուսանկարում հիմնականում ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու համար նախատեսված տնակ է, որտեղից էլ առաջացավ մեր հետաքրքրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի կառուցապատողների հետ զրույցից պարզեց, որ այդ տնակները՝ ամբողջությամբ կահավորված, 6-ից մինչեւ 10 միլիոն դրամ արժեն. 1 քմ-ն սկսվում է 300 հազարից մինչեւ 600 հազար դրամ եւ ավելի:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ տնօրենը մինչեւ 2018-ի հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում ֆոտոլրագրող էր, միջին վիճակագրական քաղաքացի: Հիմա՝ հեղափոխությունից 5 տարի անց, նա թանկարժեք տնակներով է հետաքրքրվում, միջին վիճակագրական քաղաքացու հետաքրքրություններից վեր հաճույքների ձգտում: Ո՞ւմ հետ է պատրաստվում ռոմանտիկ երեկո անցկացնել Աղբալյանը. արդյոք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համա՞ր է փնտրում թանկարժեք «վրանը», որ Տավուշի անտառներում դնեն… «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել նախկին գործընկերոջ հետ, սակայն Գագիկ Աղբալյանը խիստ դժկամորեն ասաց, թե ցանկություն չունի մեկնաբանելու ոչինչ: Երբ շատ համառեցինք, ասաց, թե եղբոր համար է փնտրում, ու հրաժարվեց մանրամասներ հայտնել: Նկատենք, որ ՀՖՖ պաշտոնյան հանրային հարթակում գնիջեցման, թանկի եւ էժանի խոսակցություն է վարել: Դժվար է հավատալ, որ տնակը գնելու ցանկություն ունեցող Աղբալյանի եղբայրն իր հարազատին գործից կկտրեր եւ տնակ գտնելու գործ կհանձնարարեր: Չհավատացինք: Բայց փաստ է, որ հեղափոխական թիմը թանկարժեք հաճույքների շրջանակն ընդլայնել է: Ծով չունենք, որ շքեղ զբոսանավեր պատվիրեն, տնակներ են պատվիրում նորահարուստ իշխանիկները, որ անտառներում հաճույքներ վայելեն: Իսկ ի՞նչ է փոխվել ՀՀ շարքային քաղաքացու կյանքում՝ կհարցնեք դուք. ոչինչ, ուղղակի Խաչատրյան ԳԱԳԻԿԻ փոխարեն Աղբալյան Գագիկներն են հարստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՅԴ գերագույն ժողովը, որը մեկնարկել էր հունիսի 9-ից, երեկ ավարտվեց. ընտրվել է ՀՅԴ գերագույն մարմնի նոր կազմ, ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ժողովի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՅԴ գերագույն ժողովից: Այսպիսով, տեղեկացանք, որ ՀՅԴ ժողովը շատ թեժ է անցել, տարաձայնություններ են եղել՝ հատկապես Իշխան Սաղաթելյանի՝ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելու հետ կապված, դաշնակցականների մի մասը դեմ է եղել նրա թեկնածությանը, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ Սաղաթելյանի թեկնածության շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ-ական, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այս առիթով ասաց. «Նախ հաստատում եմ, որ ժողովը թեժ է անցել, մեր բոլոր ժողովներն են այդպես անցնում: Հատկապես երկրում ստեղծված այս իրավիճակում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ եղել են քննարկումներ՝ ստեղծված իրավիճակի, դրանից դուրս գալու ելքերի մասին: Մեր ժողովների ժամանակ մշտապես հնչում են տարբեր կարծիքներ, որեւէ սահմանափակում չունեն այդ կարծիք հնչեցնողները, բոլոր դաշնակցականները ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ նոր կազմի ընտրությանը, մենք մշտապես ընտրում ենք կազմ, իսկ եթե ԳՄ անդամներից որեւէ մեկին ժողովի մեծամասնությունը դեմ լինի, որեւէ տարբերակ չկա, որ այդ մարդն ընտրվի. մեզ մոտ իսկապես կա ներքին լայն ժողովրդավարություն, անհնար է որեւէ մեկի ընտրությունը ՀՅԴ ԳՄ կազմում, եթե դրան դեմ են կուսակցության մեծամասնությունը: Եթե ընտրվել է այս կազմը, ուրեմն մեծամասնությունը քվեարկել է այդպես. անհնար է լինի մեծ դիմադրություն մեկի մասով, եւ նա ընտրվի ՀՅԴ ԳՄ կազմում»: Այդ թվում Իշխան Սաղաթելյանի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելո՞ւ մասով. հետաքրքրվեցինք Վարդանյանից։ «Դա բոլորին վերաբերում է, այդ թվում՝ առաջին հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի ընտրությանը»,-պարզաբանեց նա:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ընդգրկվել ՀՅԴ ԳՄ, այսինքն՝ հայաստանյան կառույցի նոր կազմում, որն ընտրվել է կուսակցության 26-րդ Գերագույն ժողովի արդյունքում։ Մեր տեղեկություններով, բավականին բուռն է ընթացել ժողովը, տարաձայնություններ, վեճեր են եղել, մի խումբ մարդիկ` Հրանտ Մարգարյանի կառավարմամբ, ցանկացել են Իշխան Սաղաթելյանին փոխարինել այլ անձով, սակայն չի ստացվել․ նա վերընտրվել է, երրորդ անգամ անընդմեջ, ինչը նշանակում է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցում շարունակելու է ղեկավարել Իշխան Սաղաթելյանը, եւ ՀՅԴ կուրսը չի փոխվելու։ ԳՄ կազմն էլ, կարելի է ասել, «Իշխան»-ամետ անձանցից է կազմված։ Նախորդ ԳՄ-ի համեմատ, որն ընտրվել էր 2021 թվականին, այս կազմում 5 նոր անձ է հայտնվել՝ Թադեւոս Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Խաչատուր Ստեփանյանը, Գերասիմ Վարդանյանը։ Նախորդ ԳՄ կազմում անդամակցող Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Բագրատ Եսայանը, Սուրեն Մանուկյանը դուրս են մնացել նոր կազմից։ Արծվիկ Մինասյանն ինքն է ինքնաբացարկ հայտնել, սակայն առավել ուշագրավ էր Մանուկյանի դուրս մնալու փաստը, թվում էր՝ դաշնակցական ընկերները հատուկ ժեստ կանեն՝ իրենց ընկերոջն ուղղված, ով մոտ մեկ տարի է՝ կալանավորված է, թողնելով ԳՄ կազմում, սակայն չեն արել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել։ Նախարարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի վերաբերյալ 2022 թվականի հայտարարագիրը։ Հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը 2022 թվականի փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող իր երեք հողամասերն ու անհատական բնակելի տունը նվիրրել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Ընդ որում՝ նույն այդ հայտարարագրի համաձայն՝ նա այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել 2003 թվականին, մեկ այլ հողամաս՝ 2020 թվականին, եւ տունն ու մյուս հողամասն էլ՝ 2021 թվականին, այն էլ՝ նույն օրը՝ հունիսի 28-ին։
Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ապրում է Նոր Նորքում գտնվող բնակարանում, որի ձեռք բերման տարեթիվը հայտարարագրում պաշտպանված է, այսինքն՝ չի երեւում։ Վերջինս ունի նաեւ 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Անդրադառնանք նրա եկամուտներին. նախարարը 2022 թվականին ընդհանուր ստացել է 23 մլն 342 հազար դրամ եկամուտ, որից 20 մլնը նախարարի տարեկան աշխատավարձն է, 11 հազար դրամ ստացել է «Մարտիգ» համալսարանից եւ 2 մլն դրամ էլ՝ ՊԵԿ-ից։ Գնել Սանոսյանը նաեւ վարկ ունի, որի մայր գումարը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն դրամ, որը մարելու համար այդ տարի 6 մլն դրամ է ծախսել։ Ըստ հայտարարագրի՝ Գնել Սանոսյանը 2022 թվականին հանգստի է մեկնել եւ դրա համար ծախսել 2 մլն դրամից ավելի գումար, որը ներառում է տոմսն ու կեցության ծախսը. բացի այդ, 2 մլն դրամից ավելի գումար էլ նախարարի կողմից վճարվել է որպես ուսման վարձ։ Եվ վերջապես՝ բանկում նախարարն ունեցել է 2 մլն 916 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝ 150 հազար ռուբլի եւ 7 մլն 200 հազար դրամ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Դատավորները հազիվ էին ուշքի եկել այս տարվա մարտին դատավորների հերթական ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից՝ դատավորի օրը նշել մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը, երբ մամուլում բարձրաձայնվեց նրա մյուս «հանճարեղ» առաջարկի մասին՝ վերաքննիչ քրեական դատարանում ստեղծել ստվերային նախագահի ինստիտուտ, քանի որ նա չի կարողանում աշխատել այդ դատարանի գործող նախագահի հետ: Իրավաբանական համայնքում հիմա ակտիվորեն հեգնում են, թե «դատաիրավական բարեփոխումների» այսպիսի ընթացքի դեպքում հեռու չէ այն օրը, երբ Կարեն Անդրեասյանը կառաջարկի դատավորի օրը նշել, ասենք՝ ապրիլի 24-ին՝ նկատի ունենալով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների քանակը, իսկ իր աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար էլ կառաջարկի ստեղծել ստվերային դատարաններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի իրավապահ համակարգը կասկածելի հանգամանքներում կոծկեց «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Շերեփ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը։ Բանն այն է, որ Shamshyan.com-ը մայիսի 11-ին հրապարակել էր, որ մայիսի 9-ին Երեւանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջեւ խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուքի միջադեպը։ Ըստ կայքի՝ 16։15-ի սահմաններում պարեկները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել եւ Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել էր հասարակական կարգը, եւ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ։
Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել նշված ռեստորանի տնօրեն, Երեւանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երեւանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, որը նշված ռեստորանի հյուրընկալն է եղել, Երեւանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես պահեստապետ, եւ Ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Երեւանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։
Նույն դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։ Այսինքն՝ միջադեպը եղել է մայիսի 9-ին, դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել երկու օր անց, սակայն երկու օրվա ընթացքում իրավապահները պարզել են, թե հանցագործության դեպք չի գրանցվել։ Ինչպես հաճախորդների կողմից, այնպես էլ ռեստորանի աշխատակիցների կողմից հանցագործության մասին հաղորդում չի ստացվել։ Եւ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման օպերատիվությամբ քննիչները չեն քննում նմանօրինակ դեպքերը, ինչպես Երեմյաններին պատկանող ռեստորանի միջադեպն էր: Ավելին՝ մյուս դեպքերի նման օրերով մարդկանց քննչականներ տանել-բերելու փոխարեն՝ մեկ էլ հանկարծ երկու օրվա մեջ Քննչականի համար կասկածելի արագ արագության պայմաններում քննիչները հասկանում են, որ հանցագործություն չի եղել։ Թե ինչի դիմաց են քննչական գործունեություն ծավալողները փրկել Երեմյաններին այս միջադեպից, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ գործարար Դավիթ Երեմյանը եթե իշխող ՔՊ-ի համար անցանկալի մարդ լիներ, հիմա դատարանի առաջ կանգնած կլինեին նրա աշխատակիցները, բայց նրանք ներվեցին: Մենք դեռ կհետեւենք այս պատմությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր հրապարակմանն ընթացք է տրվել, եւ «Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Խոսքն Արարատի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանի եւ ՆԳՆ աշխատակիցների, որոնցից մեկը՝ հատուկ ստորաբաժանման աշխատակից, մասնակցությամբ ծեծկռտուքի մասին է, որի վերաբերյալ անցած շաբաթ էինք գրել։ Քննչական կոմիտեից երեկ մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Քննություն է իրականացվում․ այս պահին դեռեւս դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան»։ Հուսանք, որ քրեական վարույթն էլ «գալոչկայի» համար չեն հարուցել, եւ իրավական գնահատական կտրվի իշխանության սրտի համայնքապետի եւ նրա մերձավորների գործողություններին, որոնք, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել ՆԳՆ հատուկ ստորաբաժանման աշխատակցին՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին։
«Փաստ» օրաթերթը գրում է.Արդարադատության նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատել պատասխանատվությունից՝ գործուն զղջման հիմքով: Մասնագետներն արդեն իսկ անհեթեթություն ու խայտառակություն են որակել թե՛ նախագիծն ինքնին, թե՛ պատճառաբանությունը, այն է՝ իրավապահների ծանրաբեռնվածությունը նվազեցնելը, ինչպես նաև հսկայական ռիսկեր են տեսնում, այդ թվում՝ կոռուպցիոն։ Կա տեսակետ, թե սա կարող է վերաբերել, այսպես կոչված, «11 հազար դասալիքներին»: Սակայն, շատերի կարծիքով, այս օրինագիծն իրականում ունի առաջին հերթին ստվերային, այն է՝ քաղաքական նպատակ: Բացի իշխանություններին ձեռնտու (քաղաքական, անձնական, ֆինանսական) անձանց նկատմամբ «ներողամտություն» ցուցաբերելու հանգամանքից, իրավաբաններն արդեն օրենքի նախագիծը որակում են նաև որպես «գործ տվողներ» բուծելու միջոց ու գործիք: Հարցն այն է, որ քաղաքական ենթատեքստ ունեցող բազմաթիվ «կարված» քրեական գործերով իրավապահները ջանք ու եռանդ չեն խնայում ընդդիմադիր գործիչների դեմ ցուցմունքներ կորզելու համար, այդ ճանապարհին առանձին անձանց նկատմամբ կիրառում են ազդեցության տարբեր միջոցներ, սակայն վերջիններս հրաժարվում են կեղծ ցուցմունք տալ՝ առաջին հերթին վախենալով, որ իրենք էլ կդատվեն նույն քրեական գործի շրջանակներում: Հիմա, փաստորեն, իշխանությունները «գտել» են ձևը, և այս օրինագիծն ընդունվելու դեպքում կարող են ընդդիմադիրների դեմ ցուցմունք տվողներին ընտրողաբար ինդուլգենցիա տալ: Այսինքն, կձևավորեն, այսպես կոչված, «էլիտար գործ տվողների» համակարգ, իրենց ցանկալի ցուցմունքները կկորզեն, ցուցմունք տվողները «գործուն կզղջան», ըստ այդմ կստանան այդ ինդուլգենցիան ու մեղսակից չեն համարվի փաստորեն: