29.09.2024
Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան հանդիպումների փաստը չպետք է զարմանալի լինի. խոսնակ
28.04.2021
Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան հանդիպումների փաստը չպետք է զարմանալի լինի. խոսնակ

"Հայրենիք" կուսակցությունը հակված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց ձևաչափի մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: Հիշեցնենք, վերջին շրջանում մամուլը պարբերաբար անդրադառնում է այն թեմային, որ Հանրապետական կուսակցությունը հակված է մասնակցել առաջիկա ընտրություններին Արթուր Վանեցյանի գլխավորած "Հայրենիք" կուսակցության հետ դաշինքով: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ հակված է Վանեցյանի հետ դաշինքին, թեև շատ կարկառուն ՀՀԿ-ականներ պնդում են միայնակ մասնակցությունը: "Կուսակցությունը իր որոշումը կհրապարակի այն ժամանակ, երբ ԱԺ-ում վարչապետ ընտրելու նախատեսված ընթացակարգերը սպառվեն և նախագահի հրամանագիրը լինի ընտրություններ անցկացնելու մասով",- ասաց Հակոբյանը: Հարցին, թե արդյոք կուսակցությունը քննարկումների մեջ է այլ քաղաքական ուժերի հետ ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ, մեր զրուցակիցն ասաց, որ քննարկումներ միշտ էլ լինում են, կուսակցությունը բաց է այդ իմաստով, բայց և հիշեցրեց, որ ի սկզբանե "Հայրենիքը" հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին նաև միայնակ: Ինչ վերաբերում  է հարցին, թե Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հանդիպում եղե՞լ է, Սոս Հակոբյանն ասաց, որ նման հանդիպումները պարբերաբար լինում են՝ թե՛ Հայրենիքի փրկության շարժման օրոք էլ, թե՛ դրանից դուրս: Ճշտող հարցին՝ ՀՓՇ-ի ակտիվ գործունեության դադարից հետո՞ էլ Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են, կուսակցության խոսնակն արձագանքեց."Կոնկրետ վերջին օրերին նման հանդիպումներ եղել են, թե ոչ չեմ կարող ասել, բայց նման հանդիպումների փաստը չպետք է զարմանալի լինի",- հավելեց նա: