29.09.2024
Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի. Մարուքյան
12.03.2021
Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի. Մարուքյան

“Greek Times”- ը զգուշացնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով "հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը"։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:"Հոդվածում հղում է կատարվում Ալիևի՝ վերջին տնտեսական կոնֆերանսի ժամանակ հնչեցրած ելույթին` այն մասին, որ «նոր տրանսպորտային միջանցք պետք է անցնի Ադրբեջանի պատմական տարածք՝ Զանգեզուրի միջոցով, որը կապող օղակ է հանդիսանալու Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի միջև։Greek Times-ը ներկայացնում է մի քանի փաստարկներ` հիմնավորելու համար կանխատեսվող պատերազմի մասին լուրերը, մասնավորապես՝ ՀՀ օդային սահմանին թուրքական 737AEW & C բոյինգի հայտնվելը CENAH01 կոդի ներքո (այս նույն կոդը օգտագործվել էր 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացում), Թուրքիայի կողմից ռազմական սադրանքների նախաձեռնումը Դոնբասում Ուկրաինայի, իսկ ՀՀ-ում Ադրբեջանի միջոցով՝ նպատակ ունենալով նշյալ տարածաշրջաններում հասնել Ռուսաստանի ազդեցության սահմանափակման։ "Greek Times"-ի ունեցած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պահեստազորայինների հավաքագրում, իսկ թուրք-ադրբեջանական զորքերն անցկացնում են զորավարժություններ ՀՀ սահմաններին։ Ուզում եմ տեղեկացնել, որ "Greek Times"-ն այսօրինակ կանխատեսումներ էր իրականացրել նաև 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ հայտնելով սիրիացի ահաբեկիչներին Ադրբեջան փոխադրելու մասին։Սյունիքի մարզի անվտանգային խնդիրներին, դրանց հաղթահարմանը և/կամ չեզոքացմանն անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին։ Հենց այս համատեքստում էի կարևորել ՌԴ-ի հետ բանակցությունների նախաձեռնումը՝ օր առաջ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Առաջարկս արդիական է հատկապես հիմա, երբ տարբեր տեղական և միջազգային աղբյուրներից ստացվում են տեղեկություներ նոր պատերազմի սպառնալիքի մասին։ Ռուսական ռազմաբազայի տեղակայման հիմնահարցը չի կարող ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից անջատ դիտարկվել։ Այն ենթադրում է ՀՀ-ՌԴ դաշնակցային-ռազմավարական հարաբերությունների դուրսբերում որակապես նոր փուլ, որտեղ փոխվստահությունը կսահմանվի որպես կարևորագույն սկզբունք։Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների "ռեաբիլիտացիան" չունի որևէ այլընտրանք։ Մենք կարիք ունենք լինելու իրատես. ներկայիս հումանիտար և ռազմաքաղաքական խնդիրների հաշվառման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն չի կարող դիմագրավել նոր պատերազմի սպառնալիքին։ Հետևաբար, այլևս վայրկյան առաջ մենք կարիք ունենք հանրային լայն կոնսոլիդացիայի` մեր երկրի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին դիմագրավելու համար։Ես հորդորում եմ բոլոր կողմերին րոպե առաջ դուրս գալ "ատելության և թշնամանքի" այս արատավոր շղթայից, դրսևորել խոհեմություն և իմաստնություն, գործադրել հնարավոր և անհնարին բոլոր ջանքերը կանխատեսվող պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։ Այլապես, ըստ ձևավորված "ավանդույթի", այս անգամ սև ու սպիտակ պիտակավորումները վտանգելու են Հայաստանի Հանրապետության գոյությունը",- գրել է Մարուքյանը: