Կարևոր է, որ վերջին 2 տարիներին ձեռք բերված դինամիկան ՀՀ-ն կարողանա պահպանել. Սաֆարյան
Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը վերջին տարիներին գլխավորապես կազմել է մեր առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ: Շատ կարևոր է, որ վերջին երկու տարիներինն ձեռք բերված դինամիկան հնարավոր լինի պահպանել տեսանելի հեռանկարում: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործըթացի ընթացիկ արդյոնքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսում ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«ԵԱՏՄ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է և նրան է բաժին ընկնում մեր արտաքին առևտրատնտեսական գործունեության կեսից ավելին: Նախորդ տարվա համեմատ, այս տարի այդ ուղղությամբ մեր ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 40%: Արդարացել են մեր կանխատեսումներն այն մասին, որ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում մեր արտաքին տնտեսական քաղաքականության այս կարևորագույն վեկտորի դերը աճելու է: Հետաքրքիր է, որ եվրասիական տարածքի խոշոր գիտափորձագիտական և ֆինանսական կենտրոնները կանխատեսում են, որ բոլոր հիմքերը կան սպասելու առևտրատնտեսական համագործակցության հետագա ծավալների աճ նաև 2024թ-ին և 2025թ. առաջին կեսին”,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ բոլոր հիմքերն ունեն պնդելու, որ նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին էլ սպառված չէ: Էական ներդրումների և տնտեսական շարունակական բարեփոխումների պայմաններում հարկ է ակնկալել, վստահ է Արամ Սաֆարյանը, որ առևտրատնտեսական համագործակցության ծավալները Ռուսաստանի հետ գնալով կարող են աճել, իսկ Հայաստանում նշանակալից չափերով կշարունակի ավելանալ համախառն ներքին արդյունքը:
«Մենք պետք է իմանանք, որ վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի տպավորիչ տեմպը ունի երկու բաղադրիչ: Դա սեփական արտադրության ապրանքների առևտուրն է, ինչպես նաև վերաարտահանումը: Հասկանալի է, որ արդեն այժմ պետք է մտածել տնտեսական այնպիսի քաղաքականություն որդեգրելու մասին, որը հնարավորություն կտա տնտեսական աճ ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ վերարտահանման տեմպերը նվազեն կամ զրոյանան: Առայժմ սա մի լավ հնարավորություն է փորձարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային լոգիստիկ առանցքի լիարժեք գործարկման հնարավորությունը և դրա կարևորությունը Հայաստանի համար»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» դառնալու պատրաստակամության մասին, բանախոսը նշեց, որ անվիճելի է, որ մեր տարածաշրջանի գործընթացները իրականում տանում են դեպի Արևմուտք-Արևելք ռազմավարական տրանսպորտային առանցքի զարգացում: Ըստ նրա, շատ կարևոր է, որ այս պայմաններում Հայաստանը չմերժի նաև Հյուսիս-Հարավ առանցքի զարգացմանն ըստ ամենայնի մասնակցելու հնարավորությունը, դրանով հավասարակշռելով մեր ազգային տնտեսության վրա տարածաշրջանի տարբեր կողմերից եկող ուժեղացող ազդակները:
Ամփոփելով խոսքը, Արամ Սաֆարյանը նշեց.
«Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի հաջող մասնակցությունը, հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացումը և խորացումը, եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ցուցաբերվելիք աջակցությունը կարևորագույն և ծանրակշիռ փաստարկներ են հայ-ռուսական բազմակողմանի կապերը պահպանելու, զարգացնելու և ամրապնդելու համար»: