VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հավակնում էր Հայաստանում մի կառույց ձեւավորել, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաեւ` բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով։ Սկզբում Փաշինյանը հակված է եղել դրան, սակայն վերջերս հրաժարվել է այդ մտքից: Բաբայանի շրջապատից հայտնում են, որ «կամանդույուշչին» ծանր է տարել այս մերժումը եւ համարել է, որ իրեն «քցել» են: Մինչդեռ հարցն այն է, որ Փաշինյանը որոշել է Արցախի հետ կապված ցանկացած բան պատմության գիրկն ուղարկել, իսկ ակտիվություն դրսեւորողներին՝ վարկաբեկել, թե սպառնում են Հայաստանի անվտանգությանը, եւ նոր կառույց ստեղծելու մտքից հրաժարվելն էլ սրանով է պայմանավորված: Այդուհանդերձ, Արցախի որոշ շրջանակներ հնարավոր է առաջիկայում ակտիվանան` հատկապես արցախցիների չլուծվող խնդիրների հարցով: Եվ խոսքը ոչ թե քաղաքական դաշտի, այլ հանրային սեկտորի մասին է, մասնավորապես` Տիգրան Պետրոսյանի եւ գործընկերների, որոնց ստվերային աջակցում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս շրջանակը կառավարվում է Մասիս Մայիլյանի միջոցով։ Սակայն այս շերտի ակտիվացումը բոլորովին այլ ենթատեքստ ունի. կան տեղեկություններ, որ Արեւմուտքը Փաշինյանի իրավահաջորդի դերում տեսնում է Արմեն Գրիգորյանին: Եթե Փաշինյանը շարունակի ռուսական դաշտում մնալ, չի բացառվում, որ Գրիգորյանի «բախտը բացվի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը մեծ աղմուկ հարուցեց երեկ, ու թեեւ նախագիծն անցած տարի ընդունվել է առաջին ընթերցմամբ, ամեն դեպքում, շարունակում է ՔՊ-ականների «կոկորդին» մնալ: Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն իր նախագծով առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Նախագիծը հաջորդ շաբաթ ԱԺ-ում կքննարկվի արդեն երկրորդ ընթերցմամբ: Իսկ իրականում ինչո՞ւ էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը թեժ և ուղեկցվում էր ՔՊ-ականների միջև լեզվակռիվներով: Իր ոգևորությամբ ու ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որը հայտարարեց, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի: Նախ արձանագրենք, որ Հովիկ Աղազարյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ չէ, ուստի նրա մասնակցությունն ամենևին էլ պարտադիր չէր այդ նիստին: Եւ ուրեմն ի՞նչ առաքելությամբ էր նա նիստին մասնակցում:
Օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աղազարյանն իրականում հատուկ առաքելությամբ ուղարկվել էր հանձնաժողով ՔՊ խմբակցույթան ղեկավար Հայկ Կոնջորյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից: Բանն այն է, որ ՔՊ-ում Հայկ Սարգսյանն արտոնյալ դիրքերում է և այն քիչ պատգամավորներից է, որն անկախ է, չի ենթարկվում ՔՊ վերնախավի քմահաճույքներին, և այն եզակիներից է, որն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կոնտակտի դուրս գալու, SMS գրելու հնարավորություն ունի, ինչը խմբակցության՝ խարդավանքներ սիրող վերնախավի համար ցավոտ է, ու չեն կարողանում հաշտվել Հայկի ինքնուրույնության հետ:
Եվ, ահա, ՔՊ «հնարամիտ եռյակը» որոշել է Հովիկ Աղազարյանի միջոցով պատժել Հայկ Սարգսյանին առանց աչքի ընկնելու: Նրանք հրահանգել են իրենց քաղաքական գործիքի համարում ունեցող Աղազարյանին, որպեսզի կռվի մեջ մտնի Հայկ Սարգսյանի հետ, նսեմացնի նրան: Աղազարյանը, որն առաջին ընթերցման ժամանակ նույն նախագծին «կողմ» է քվեարկել, երեկ դեմ էր խոսում: Պետք է սպասել նոր հարձակումների Հայկ Սարգսյանի վրա, որն ինքնուրույնություն ունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ճնշում են «Բալասանյան» դաշինքին (որը Գյումրիում կառավարող ուժն է), որպեսզի հրաժարվի իշխանությունից ու դառնա ընդդիմություն: Սա՝ այն դեպքում, երբ 2021թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Բալասանյան» դաշինքը հաղթել էր ՔՊ-ին՝ ստանալով քվեների 36,59 տոկոսը, իսկ ՔՊ-ն՝ 29,56 %: Ստացվում է՝ ամեն օր ժողովրդավարության մասին պատմություններ հյուսող ՔՊ-ն «զոռբայությամբ» ուզում է իշխանություն վերցնել նաև Գյումրում և ստիպում է այնտեղ իշխող ուժին (որին ժողովրդի մեծամասնությունն է ձայն տվել) դառնալ ընդդիմություն: ՔՊ-ն իր նպատակին հասնելու համար գործի է դրել ամենակոշտ միջոցները և ոչնչի առջև կանգ չի առնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար, դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանին պատկանող գրեթե բոլոր բիզնեսներում ստուգումներ են սկսվել, քանի որ իշխանականները իրավապահ համակարգին հրահանգել են ամեն գնով քրգործ հարուցել Բալասանյանների նկատմամբ։ Հիշեցնենք նաև, որ իշխանությունները դեկտեմբերի 29-ին Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, հետ են կանչել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից: Վերջինս այդ պրոբլեմատիկ երկրի կարևոր պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ից, այսինքն՝ ընդամենը 4 ամիս է պաշտոնավարել: Ստացվում է՝ իրենց քմահաճույքի ու ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու համար ՔՊ-ականները ոչնչի առջև չեն կանգնում, պատրաստ են զոհել ամեն ինչ, անգամ՝ ՀՀ պետական շահն ու արտաքին իմիջը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանն իր «կախիչ-դուշ» շոուով մի այլ կարգի է «բռնել» մարզպետների վախը։ Լոռվա եւ Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունից հետո մյուսները ոտուձեռ են ընկել, 24/7 ռեժիմով այցելում են իրենց մարզում նորոգվող կրթական եւ առողջապահական հաստատություններ, ստուգում կախիչներն ու «դուշերը», հանձնարարում աշխատանքները որակով անել՝ հույս ունենալով, որ ազատումների ալիքն իրենց չի հասնի: Ամեն կերպ ցույց են տալիս, որ ոչ մի «դուշ», ոչ մի կախիչ չի պլստա իրենց աչքից։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրինակ, հարյուր տարվա փորձառու «պրարաբ» է իրեն զգում` ողջ օրն անցկացնում է շինհրապարակներում: Մարզպետարանի պաշտոնական էջը հաղորդում է, որ նախօրեին նա «հետեւել է Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին», «շինարարի հետ զրույցում նկատառումներ նշել եւ ընդգծել, որ հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր հարց, եւ անգամ փոքր թերացումները պետք է արագ շտկվեն»: Նույն օրն այցելել է նաեւ Արթիկի թիվ 3 եւ 4 մանկապարտեզներ` շինաշխատանքների ընթացքին հետեւելու։ «Մուշեղ Մուրադյանն այցելել է նաեւ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ», հետեւել «Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում եւ Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին»: Գեղարքունիքի մարզպետն էլ իրեն ապահովագրելու համար գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով Մարտունու՝ անցած տարեվերջին բացված հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Կառավարության անդամները տարին սկսելուն պես ամփոփիչ ասուլիսներ են տալիս՝ ներկայացնելով իրենց ղեկավարած ոլորտներում կատարված աշխատանքները։ Այսօր հերթն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինն է, ով որոշել է ասուլիս հրավիրել ոչ թե նախարարության շենքում, այլ Թուֆենկյան հյուրանոցի կոնֆերանս սրահում՝ վարձակալելով դահլիճը եւ դրա համար բյուջեից գումար դուրս գրելով։ Նախարարությունից պարզաբանեցին, թե քանի որ տեւական ժամանակ նախարարն ասուլիս չի տվել, եւ ամփոփիչ ասուլիսն է, ուստի ակնկալում են, որ մեծ թվով լրագրողներ կմասնակցեն, դրա համար են մեծ դահլիճ վարձակալել։ Փաստորեն, առողջապահության նախարարությունում, որը, ի դեպ, վերջերս է կապիտալ վերանորոգվել, չկա 20-30 հոգու համար նախատեսված մի սրահ, որտեղ կարելի է անվճար հիմունքներով ասուլիս կազմակերպել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փետրվարին Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին: Պայքարն ավարտվեց, քանի որ պայքարող ռեկտորը չեզոքացված է, պայքարողները՝ մեկուսացած: Իրադարձության նախապատմությունը հետևյալն է. 2022 թվականի հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման՝ կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ՝ վերջինի կազմում: Ուսանողները ոտքի կանգնեցին, դասադուլ արեցին , ռեկտոր Կարինե Հարությունյանը, կանգնած ուսանողների կողքին, պայքարեց, և բարձրացված աղմուկից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն իշխանության ձեռքը բուհերի վրա մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, սակայն ոչ մի կերպ մեկնաբանություն չտվեց. հարմար չէր խոսել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որի վերահսկողության տակ են գտնվում բարձրագույն կրթության հետ կապված հարցերը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից մեզ պատասխանեցին հետևյալը. «Դեռևս 2023 հուլիսի 17-ին եղել է այդ առաջարկը՝ բուհերի խոշորացման վերաբերյալ, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը՝ մոտավորապես 6 ամիս, ժամանակ է տրվել բուհերին, որպեսզի բուհերը ներկայացնեն իրենց առաջարկները բուհերի խոշորացման գործընթացի մասին: Այս պահին Ձեր նշած հարցի վերաբերյալ ոչ մի համալսարանից առաջարկ չկա, բայց միանշանակ բուհերի խոշորացման օրակարգը կա: Գուցե մինչև տարվա վերջ առարկայական քննարկումներ լինեն, և նախագծեր լինեն, բայց այս պահին չկան»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներն ու դատապարտյալները դժգոհություններ են բարձրացնելու։ Մեզ ահազանգած կալանավորները նշում են, որ պատերազմից հետո Արցախում գտնվող կալանավորվածների ու դատապարտյալների նկատմամբ համաներում եղավ, ու բոլորը ազատ են արձակվել, եւ ինչու այդ համաներումը չի կիրառվում Արցախից տեղափոխված եւ այժմ ՀՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների նկատմամբ, որոնք անազատության մեջ են: Ավելին՝ վերջին օրերին հարցեր ենք ստանում, թե, առհասարակ, համաներում ՀՀ-ում 2024 թվականին լինելու է, թե ոչ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել գրավոր։ Կսպասենք նախարարության պաշտոնական պատասխանին»։